Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Փառաբանության երգ

1 Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,

2 քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։

3 Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկված մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ,

4 որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։

5 Դու ծարավածների համար ապավեն ես և զրկված մարդկանց համար՝ ոգի։ Նմանվեցինք տկարացած մարդկանց՝ ծարաված Սիոնում, ամբարիշտ մարդկանց պատճառով, որոնց ձեռքը մատնեցիր մեզ։


Տերը սրբում է արցունքները

6 Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով

7 և ընկղմվեն այս լեռան մեջ։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։

8 Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։

9 Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։


Աստված պատժում է Մովաբին

10 Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։

11 Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի, հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը՝ նրա վրա տարածելով իր ձեռքերը։

12 Քո ապաստանի պարիսպների բարձրությունը պիտի խոնարհեցնի՝ գետնին հավասարեցնելով այն։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ