ԵՍԱՅԻ 18 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՎա՜յ եթովպացի սուրհանդակներին 1 Վա՜յ եթովպացիներին՝ գետի այն կողմում առագաստանավերին ապավինած երկրին, 2 որ ընծաներ էր ուղարկում ծովով և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար, և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Եվ այժմ ամբողջ երկրի գետերն 3 աշխարհի պես բնակեցված են. պիտի բնակեցվի նրանց երկիրը, երբ նշանը լեռան վրայից վերանա, և լսելի լինի փողի ձայնի նման, 4 քանզի այսպես ասաց ինձ Տերը. «Ապահովություն պիտի լինի իմ քաղաքում, ինչպես միջօրեի տոթագին լույսը և ամառային օրերի զով ամպը»։ 5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։ 6 Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։ 7 Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia