ԵԶՐԱՍ 1 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱ. Վերադարձ Զորաբաբելի ղեկավարությամբ ( 1.1–6.22 ) Կյուրոսի հրովարտակը հրեաների՝ գերությունից վերադարձի մասին ( Բ Մն. 36.22-23 ) 1 Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց. 2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։ 3 Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։ 4 Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։ Վերադարձ Երուսաղեմ 5 Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։ 6 Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։ 7 Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։ 8 Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։ 9 Այս է դրանց թիվը. երեսուն ոսկեղեն կոնք, հազար քսանինը արծաթե կոնք. 10 Երեսուն ոսկե սկավառակներ և արծաթեղեն այլևայլ՝ հազար։ 11 Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia