Բ Հովհաննես 1 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՈւղերձ և ողջույն 1 Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները, 2 ճշմարտության շնորհիվ, որ հաստատված է մեր մեջ և հավիտենապես կմնա մեզ հետ։ 3 Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն ձեզ՝ ճշմարտությամբ և սիրով։ Ճշմարտություն և սեր 4 Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։ 5 Այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիրուհի, որ սիրենք միմյանց. ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք։ 6 Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։ 7 Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, որոնք չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած. դա մոլորեցնողն է ու Նեռը։ 8 Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ 9 Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։ 10 Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։ 11 Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։ Վերջաբան 12 Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալու ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսելու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։ 13 Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։ Շնորհը ձեզ հետ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia