Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՌԱԿՆԵՐ 9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Օրհներգ Ե

1 Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,

2 մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։

3 Առաքեց իր ծառաներին՝ կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց.

4 «Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»։ Իսկ պակասամիտներին ասաց.

5 «Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։

6 Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։

7 Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։

8 Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։

9 Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։

10 Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, սրբերի խորհուրդը՝ հանճար,

10ա օրենքի իմացությունը մտքի հարստություն է։

11 Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։

12 Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։

12ա Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել. քանզի թողած իր այգու ճանապարհները՝ մոլորվում է իր արտի շավիղներում, գնում է անջրդի դաշտ ու անապատ և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի պտուղ չի հավաքում։

13 Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա, ու նաև նա, ով ամոթ չի զգում։

14 Աթոռով նստում է իր տան դռանը, քաղաքի հրապարակներում

15 և կպչում իրենց ուղիղ ճանապարհներով գնացող անցորդներին.

16 «Ով ձեր մեջ առավել հիմար է, ինձ մոտ թող գա», իսկ պակասամիտներիդ հրամայում եմ և ասում.

17 «Թաքուն կերած հացը համով է, գողացված ջուրը քաղցր է խմվում»։

18 Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։

18ա Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ, և աչքդ մի՛ դիր նրա վրա, որ այդպես անցնես օտար ջրից, և անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից և ջուր չխմես օտար աղբյուրից. որպեսզի երկար ապրես, և ավելանան կյանքիդ տարիները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ