Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՌԱԿՆԵՐ 31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Իմ խոսքերն Աստծու կողմից են ասված՝ նման թագավորի խրատի, որ նրան ուսուցանել է իր մայրը։

2 Օ՜, որդյա՛կ, Աստծու խոսքերն են, առաջնեկդ, քեզ եմ ասում, որդյա՛կ. Օ՜, որդյա՛կ, որովայնիս պտուղ. Օ՜, որդյա՛կ, իմ ուխտերի զավակ։

3 Մի՛ տուր կանանց հարստությունդ, ոչ էլ քո կյանքդ ու միտքդ՝ հետին խորհուրդների.

4 խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,

5 որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։

6 Տրտմածներին խմի՛չք տվեք, և գինի՛ տվեք տառապյալներին,

7 Որ խմեն և մոռանան իրենց թշվառությունը և չհիշեն իրենց ցավերը։

8 Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին,

9 ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։

10 Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։

11 Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։

12 Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։

13 Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։

14 Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։

15 Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։

16 Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։

17 Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում

18 ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։

19 Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։

20 Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։

21 Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։

22 Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։

23 Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։

24 Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։

25 Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։

26 Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։

27 Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։

28 Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.

29 «Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։

30 Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,

31 դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ