ԱՌԱԿՆԵՐ 28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է։ 2 Ամբարիշտների մեղքերի պատճառով հուզվում են դատարանները, իսկ խորագետը հանգցնում է դրանք։ 3 Հզորն ամբարշտությամբ կեղեքում է աղքատին։ Ինչպես սաստիկ և անշահ անձրևը, 4 նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։ 5 Չարերը չեն մտաբերում իրավունքը, իսկ Տիրոջը փնտրողները խելամուտ են ամեն ինչում։ 6 Ավելի լավ է ճշմարտությամբ ընթացող աղքատը, քան սուտ մեծատունը։ 7 Իմաստուն որդին պահում է օրենքը, իսկ որկրամոլներին միացողն անարգում է իր հորը։ 8 Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։ 9 Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։ 10 Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։ 11 Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։ 12 Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։ 13 Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։ 14 Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։ 15 Ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։ 16 Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։ 17 Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։ 17ա Խրատի՛ր որդուդ, և քեզ կհանգստացնի. զարդ կլինի անձիդ համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ 18 Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։ 19 Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։ 20 Հավատարիմ մարդը մեծ օրհնություն պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։ 21 Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, բարի չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։ 22 Չարաչք մարդը շտապում է հարստանալ և չգիտի, որ ողորմածը պիտի հաղթի իրեն։ 23 Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։ 24 Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղանչել չի համարում, նա կցորդ է ամբարիշտ մարդկանց։ 25 Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։ 26 Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։ 27 Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։ 28 Ամբարիշտների բարձրանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia