ԱՌԱԿՆԵՐ 11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։ 2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։ 3 Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։ 4 Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։ 5 Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։ 6 Ուղղամիտների արդարությունը փրկում է իրենց, իսկ անօրենները պիտի կորչեն անմտությամբ։ 7 Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։ 8 Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։ 9 Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։ 10 Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։ 11 Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։ 12 Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։ 13 Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։ 14 Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։ 15 Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։ 16 Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, իսկ իրավունքն ատող կինը անարգանքի աթոռ է։ Ծույլերը կարոտ պիտի մնան հարստությանը, իսկ ժրաջանները կհաստատվեն հարստության մեջ։ 17 Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։ 18 Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։ 19 Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։ 20 Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։ 21 Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։ 22 Ինչպես ոսկե գինդը խոզի քթին, այնպես է գեղեցկությունը չարաբարո կնոջ համար։ 23 Արդարների ցանկությունն ամբողջովին բարի է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։ 24 Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։ 25 Ամեն անկեղծ անձ օրհնված է, իսկ բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։ 26 Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։ 27 Ով բարիք է անում, բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է անում, չարիքը կհասնի նրան։ 28 Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։ 29 Ով չի հոգում իր տան մասին, հողմի բաժին է դառնալու, և անմիտը ծառայելու է իմաստունին։ 30 Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31 Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia