Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՆԳԵ 2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Նոր տաճարի պայծառությունը

1 Յոթերորդ ամսում, որ ամսվա քսանմեկերորդ օրն էր, Տերը խոսեց Անգեոս մարգարեի միջոցով և ասաց.

2 «Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն, Հեսուին՝ Հովսեդեկ քահանայապետի որդուն, և ժողովրդի բոլոր մնացորդներին.

3 “Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։

4 «Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,

5 և իմ Հոգով, որ կա ձեր մեջ, քաջալերվե՛ք»։

6 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ կշարժեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը։

7 Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։

8 Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-

9 որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին խաղաղություն կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, փրկություն ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։


Պիղծ ընծաների դեմ

10 Իններոդ ամսվա քսանչորսին՝ Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեին, և ասաց.

11 «Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Հարցրո՛ւ օրենքը ձեր քահանաներից և ասա՛.

12 “Եթե մարդ սրբագործված միս դնի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացի կամ թանի, կամ գինու, կամ յուղի, կամ որևէ կերակուրի, մի՞թե այն կսրբանա”»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ ո՛չ։

13 Եվ Անգեոսն ասաց. «Եթե պիղծը կամ հոգով անսուրբը դիպչի դրանցից որևէ մեկի, մի՞թե այն կպղծվի»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ կպղծվի։

14 Պատասխան տվեց Անգեոսը և ասաց. «Նույնպես և այս ժողովուրդը, նույնպես և այս ազգը՝ իմ առաջ,- ասում է Տերը,- նույնպես և նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ դիպչի նրանց, կպղծվի նրանց նախկին հափշտակությունների պատճառով, և կմորմոքեն իրենց չարիքների երեսից. և ատեցիք դռների առաջ հանդիմանողներին»։


Տերը խոստանում է իր օրհնությունը

15 «Եվ արդ, դրե՛ք ձեր սրտում այս օրվանից և սրանից առաջ, երբ դեռ Տիրոջ տաճարի քարը քարի վրա չէր դրվել։

16 Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։

17 Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։

18 Կարգի բերե՛ք ձեր սրտերն այս օրվանից և սրանից հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց։ Դրե՛ք ձեր սրտերում.

19 մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։


Տիրոջ խոստումը Զորաբաբելին

20 Եվ Տիրոջ խոսքը դարձյալ եղավ Անգեոս մարգարեին ամսի քսանչորսին, և ասաց.

21 «Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.

22 կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։

23 Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- Զորաբաբե՛լ, Սաղաթիելի որդի՛, կվերցնեմ քեզ՝ իմ ծառային, և կդնեմ քեզ որպես կնիք, քանի որ քեզ ընտրեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ