ԱՄՈՎՍ 7 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱմովսի տեսիլքները ա. Մորեխների մասին 1 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մորեխի պարս էր գալիս առավոտյան, և ահա մի ջորյակ՝ Գովգ արքան։ 2 Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։ 3 Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։ բ. Կրակի մասին 4 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։ 5 Եվ կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։ 6 Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։ գ. Ադամանդի մասին 7 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա, և նրա ձեռքին՝ ադամանդ։ 8 Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։ 9 Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։ Ամասիա քուրմն սպառնում է Ամովսին 10 Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը, 11 քանի որ այսպես է ասում Ամովսը. «Հերոբովամը սրով կվախճանվի, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։ 12 Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ դու, տեսանո՛ղ, տեղի՛ տուր, գնա՛ Հուդայի երկիրը, այնտեղ ապրի՛ր և այնտեղ մարգարեացի՛ր։ 13 Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ, որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։ 14 Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում. 15 Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։ 16 Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։ 17 Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia