Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՄՈՎՍ 6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Տիրոջ զայրույթն Իսրայելի տան դեմ

1 «Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։ Հավաքեցին ազգերի իշխաններին և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։

2 Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։

3 Դուք, որ գալիս եք դեպի չարիքի օրը, մոտենում եք հասնելու ստությունների շաբաթներին,

4 դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա և մեղկանում ձեր անկողիններում, ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,

5 դուք, որ դոփահարում էիք սրինգների առաջ, որոնք որպես հաստատուն հաճույքներ համարեցիք և ոչ անցավոր,

6 նաև խմում եք անապակ գինի և անուշահոտ յուղերով օծվում ու չէիք ցավում Հովսեփի կործանման համար,-

7 արդ, դրա համար կգերեվարվեն բռնակալների իշխանության կողմից, և կկտրվի Եփրեմի երիվարների խրխնջյունը»։


Սամարիայի կործանումը

8 Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։

9 Եվ կլինի, որ եթե տասը մարդ մնա մի տանը, կմեռնեն,

10 իսկ մնացողները կվերցնեն իրենց հարազատներին և կիջնեն հանելու նրանց ոսկորներն այն տնից ու կասեն նրանց, ովքեր կանգնած կլինեն տան առաջ. «Ուրիշ բան մնա՞ց այդտեղ, քեզ մոտ»։

11 Եվ նա կասի՝ ոչ, և չի ասի՝ լո՛ւռ մնա. դրա համար չէին տալիս Տիրոջ անունը։

12 Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։

13 Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,

14 ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։

15 Ահա դրա համար, ո՛վ Իսրայելի տուն, ձեր դեմ կհանեմ մի ազգ,- ասում է Զորությունների Տերը,- և կնեղեն ձեզ, որպեսզի այլևս չմտնեք Եմաթ և մինչև արևմտյան գետը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ