ԱՄՈՎՍ 5 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՏերը գթասիրտ է Հովսեփի տան հանդեպ 1 Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։ 2 Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։ 3 Քանի որ այսպես է ասում Տեր Տերը. «Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը, և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։ 4 Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար. «Փնտրե՛ք ինձ և կապրեք. 5 մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։ 6 Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։ 7 Նա, ով արդարադատություն է անում բարձունքներում, արդարություն դրեց երկրի վրա, 8 ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը. 9 ով կործանում է տարածում զորության դեմ և թշվառություն բերում ամրոցների վրա։ 10 Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։ 11 Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի, 12 քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։ 13 Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։ 14 Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ. ինչպես որ ասացիք՝ 15 «Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։ 16 Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի. 17 բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։ 18 «Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե լույս։ 19 Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի, 20 մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս. աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։ 21 «Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկանները չեմ հոտոտի։ 22 Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։ 23 Հեռո՛ւ տար ինձնից քո երգերի ձայնը, և քո սրինգների նվագը ես չեմ լսի։ 24 Բայց թող հորդի արդարադատությունը ջրի պես, և արդարությունը՝ անհուն հեղեղի պես։ 25 Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։ 26 Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝ ձեր աստծու աստղը և նրանց արձանները, որ պատրաստեցիք ձեզ համար։ 27 Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia