ԱՄՈՎՍ 3 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՏիրոջ կշտամբանքն իսրայելացիներին 1 Լսե՛ք այս պատգամը, որ Տերը խոսեց ձեզ համար, ո՛վ Իսրայելի տուն, և բոլոր այն ազգերի համար, որոնց հանեցի եգիպտացիների երկրից։ 2 Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։ Մարգարեն չի կարող լռել 3 Երկու հոգի երբևէ միասին կգնա՞ն, եթե չճանաչեն իրար։ 4 Առյուծն անտառից կմռնչա՞, եթե որս արած չլինի, առյուծի կորյունն իր որջից իր ձայնը կհնչեցնի՞, եթե ոչինչ հափշտակած չլինի։ 5 Թռչունն առանց որսորդի գետնին կընկնի՞, թակարդը գետնի վրա կշրխկա՞, եթե ոչինչ բռնած չլինի։ 6 Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։ 7 Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։ 8 Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։ Սամարիայի դեմ 9 Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։ 10 Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։ 11 Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին. «Այդ երկիրը, որ քո շուրջն է, կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը, և կկողոպտվեն քո գավառները»։ 12 Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։ 13 Քահանանե՛ր, լսե՛ք և վկայությո՛ւն տվեք Հակոբի տան համար,- ասում է Ամենակալ Տերը։ 14 Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։ 15 Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia