Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՄՈՎՍ 2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


ե. Մովաբի դեմ

1 Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ այրեցին եդովմացիների թագավորների ոսկորները՝ մոխրացնելու համար»։

2 «Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։

3 Նրա միջից կվերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին կկոտորեմ նրա հետ»,- ասում է Տերը։


զ. Հուդայի երկրի դեմ

4 Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։

5 Կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և կուտի Երուսաղեմի հիմքերը»։


է. Իսրայելի դեմ

6 Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ արդարին վաճառեցին արծաթով և տնանկին՝ կոշիկների դիմաց,

7 որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։

8 Իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա ու զոհասեղանին և զրպարտությունների գինի էին խմում իրենց աստծու տան մեջ։

9 Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։

10 «Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։

11 Եվ վերցրի ձեր որդիներից մարգարեների համար և ձեր երիտասարդներից՝ ուխտավորների համար։ Մի՞թե այդ բաները չեն լինի, Իսրայելի՛ որդիներ»,- ասում է Տերը։

12 «Հարբեցնում էիք իմ ուխտավորներին՝ գինի խմեցնելով, և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։

13 Դրա համար ահա ես գլորվում եմ ձեր ներքո, ինչպես որ հասկով լի սայլն է գլորվում։

14 Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։

15 Աղեղնավորը չի կարողանա ընդդիմանալ, և ով արագընթաց լինի, չի փրկվի, հեծյալն էլ չի փրկի իր անձը։

16 Նրա սիրտը զորություն չի գտնի, և մերկը կհալածվի այն օրը»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ