ԱՄՈՎՍ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց. 2 «Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։ Տերը դատում է Իսրայելին և նրա հարևաններին ա. Դամասկոսի դեմ 3 Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։ 4 «Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։ 5 Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։ 6 Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։ 7 «Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։ 8 Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։ բ. Տյուրոսի դեմ 9 Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։ 10 Կրակ կուղարկեմ Ծուրի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը»։ գ. Եդովմի դեմ 11 Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։ 12 Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։ դ. Ամովնի դեմ 13 Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։ 14 Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։ 15 «Գերության կգնան նրանց թագավորները, նրանց քրմերն ու նրանց իշխաններն էլ՝ միասին»,- ասում է Տեր Տերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia