Ա Պետրոս 5 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՀորդոր երեցներին 1 Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության. 2 արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. 3 ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, 4 որպեսզի, երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք։ Հորդոր երիտասարդներին 5 Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ 6 Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։ 8 Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։ 9 Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ 10 Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ 11 Նրան իշխանությո՜ւն հավիտյանս։ Ամեն։ Վերջին հանձնարարություն և հրաժեշտ 12 Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։ 13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնվող և ձեզ նման ընտրյալ եկեղեցին, ինչպես նաև՝ իմ որդի Մարկոսը։ 14 Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia