Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Դավիթը Երուսաղեմում
( Բ Թագ. 5.11-16 )

1 Տյուրոսի արքա Քիրամը Դավթի մոտ դեսպաններ ուղարկեց, ինչպես նաև մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։

2 Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։

3 Դավիթն այլ կանայք ևս առավ Երուսաղեմում, որոնք նրա համար ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնեցին։

4 Ահա անունները նրանց, որոնք ծնվեցին նրա համար Երուսաղեմում՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,

5 Հեբաար, Եղիսավ, Եղիփաղետ,

6 Նագեթ, Նափատ, Հափիե,

7 Ելիսամա, Բաղիադա և Եղիփաղատ։


Հաղթանակներ այլազգիների դեմ
( Բ Թագ. 5.17-25 )

8 Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, ելան Դավթին բռնելու։ Դավիթը, այդ լսելով, նրանց դեմ ելավ։

9 Եկան նաև այլազգիները, և նրանք միմյանց հանդիպեցին Հսկաների հովտում։

10 Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Հարձակվի՛ր, և ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։

11 Դավիթը ելավ Բաաղփարասին և կոտորեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին հարվածեց իմ ձեռքով, ինչպես հեղեղն է հարվածում»։ Սրա համար այդ տեղը կոչվեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի հարված։

12 Նրանք իրենց աստվածներին այնտեղ թողեցին, և Դավիթը պատվիրեց դրանք հրով այրել։

13 Այլազգիները կրկին հարձակվեցին, և նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։

14 Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց հետևից, այլ շրջվի՛ր և նրանց մոտեցի՛ր տանձենիների մոտ։

15 Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստված, քո առջևից գնալով, կոտորելու է այլազգիների բանակը»։

16 Դավիթն արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր նրան, և նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթովնից մինչև Գազերա։

17 Դավթի անունն ամբողջ երկրում հռչակվեց, և Տերը նրա երկյուղը տարածեց բոլոր ազգերի վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ