Ա Հովհաննես 1 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՀավիտենական կյանքի վկաները 1 Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ 2 Նա ինքը կյանքն էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ։ 3 Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։ 4 Այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Աստված լույս է. քայլենք լույսի մեջ 5 Այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։ 6 Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ 7 Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ 8 Եթե ասենք, թե մենք ոչ մի մեղք չունենք, մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ։ 9 Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10 Եթե ասենք, թե չենք մեղանչել, սուտ ենք հանում նրան, և նրա խոսքը մեր մեջ չէ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia