Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Թագավորները պետք է հետամուտ լինեն իմաստության

1 Արդ, լսե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի դատավորներ։

2 Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա.

3 ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր խորհուրդները։

4 Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ չեք դատում, և չեք պահում նրա օրենքները և ըստ Աստծու կամքի չեք շարժվում.

5 նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու,

6 մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։ Հզորներից ավելի շատ է պահանջվելու,

7 որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տանում բոլորի նկատմամբ։

8 Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։

9 Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ իշխաններ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։

10 Այն ամենը, ինչ սուրբ է, պահե՛ք սրբությամբ և կսրբվեք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։

11 Արդ, ձգտե՛ք հետևել իմ խոսքերին, փափագե՛ք և կխրատվեք։

12 Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտությամբ է գտնվում փնտրողների կողմից։

13 Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ ավելի շուտ ճանաչվելու համար։

14 Ով վաղ է ելնում նրան փնտրելու, չի չարչարվի, որովհետև դեգերելիս կգտնի նրան իր դռան մոտ։

15 Նրա մասին մտածելն արդեն կատարյալ իմաստություն է, և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթևանա հոգսից։

16 Արդարև, իմաստությունն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա՝ ինքն է նրանց ամեն հնարագիտություն տալիս։

17 Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է,

18 նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։

19 Իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն,

20 իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։

21 Արդ, ժողովուրդների՛ բռնակալներ, եթե իշխանության գահեր և գավազաններ եք տենչում, ապա պատվե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։

22 Իսկ թե ի՛նչ է իմաստությունը և ինչպե՛ս է ծագել այն, կպատմեմ, չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից իսկ և կբացահայտեմ նրա մասին գիտելիքը։ Ես չեմ շեղվի ճշմարտությունից

23 և ոչ էլ նրան կհետևեմ նախանձից մաշված անձի նման, քանի որ այդպիսին հաղորդ չէ իմաստությանը։

24 Իմաստունների շատությունն աշխարհի փրկությունն է, հնարագետ թագավորը՝ ժողովուրդների ամրությունը։

25 Այսուհետև որպես խրա՛տ առեք իմ խոսքերը և օգտվե՛ք դրանցից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ