Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Լավ է անզավակ լինել առաքինությամբ, որովհետև առաքինի մարդու հիշատակն անմահություն է, որ ճանաչվում է թե՛ Աստծու և թե՛ մարդկանց կողմից։

2 Առաքինությանը հպվելիս մարդիկ նմանվում են նրան, հեռանալուց հետո՝ անձկագին փափագում։ Հավիտենության մեջ նրանք պսակավորված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը՝ անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար։

3 Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, քանզի փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և խախուտ հիմքը հաստատուն չի լինի։

4 Ու թեև միառժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված՝ պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ արմատախիլ պիտի լինեն։

5 Արմատի շուրջն աճած թույլ շիվերը պիտի կոտրատվեն, ուտելու համար ժամանակին չպիտի հասունանա նրանց պտուղը, և ոչ մի բանի պիտանի չպիտի լինեն։

6 Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու։

7 Իսկ արդարը, երբ հասնի իր վախճանին, հանգիստ կգտնի։

8 Պատվաբեր ծերությունը ո՛չ երկարակեցությամբ է չափվում և ո՛չ էլ ապրած տարիների թվով։

9 Մարդու համար իմաստությո՛ւնն է նրա ալեհերությունը, և անարատ կյանքն է նրա ծերության հասակը։

10 Այդպիսի մարդը հաճելի եղավ Աստծուն, Աստված սիրեց նրան, և նրան իր կենդանության ժամանակ մեղավորների միջից փոխադրեց երկինք։

11 Նա հափշտակվեց, որպեսզի չարությունը չայլափոխի նրա իմաստությունը, կամ նենգությունը չխաբի նրա հոգին։

12 Անզգամության չար նախանձը շեղում է բարուց, և ցանկասիրության կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։

13 Կատարյալը շատ շուտ լրացրեց երկար ժամանակը։

14 Եվ որովհետև նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մեջ, իսկ մարդիկ տեսան դա և չհասկացան, ոչ էլ նույնիսկ մտածեցին այս մասին,

15 թե Աստծու շնորհն ու ողորմությունն իր սրբերի վրա են, և նրա այցելությունն անպակաս է իր ընտրյալների վրայից։

16 Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։

17 Իմաստունի վախճանը տեսնում և չեն հասկանում, թե ի՛նչ է խորհել Տերը նրա մասին և ինչի՛ց է զգուշացրել նրան։

18 Մարդիկ կտեսնեն և կարհամարեն նրան, մինչդեռ Տերը պիտի ծիծաղի նրանց վրա։

19 Եվ դրանից հետո նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամոթանքի մեջ՝ հավիտենական մեռելների հետ, որովհետև Տերը պիտի դեն շպրտի նրանց անշնչացած մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչև որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ, և պիտի կորչի նրանց հիշատակը։

20 Իրենց կուտակած մեղքերից տագնապելով՝ նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց դեմ հանդիման։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ