Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Փնտրել Աստծուն և փախչել մեղքից

1 Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարությա՛մբ խորհեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրե՛ք նրան։

2 Քանզի պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում իրեն, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն իր նկատմամբ,

3 քանզի անիրավ մտքերը բաժանում են Աստծուց, և Աստված հանդիմանում է անզգամներին, երբ փորձում են իր զորությունը,

4 քանզի իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի մեղսակենցաղ մարմնի մեջ,

5 իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների մտքերը, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն,

6 իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը,

7 Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը. նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ ձայն է հանում։

8 Նա, ով անիրավ բաներ է շշնջում, չի ծածկվելու և չի խուսափելու արդարացի դատաստանից։

9 Հարցուփորձի միջոցով ամբարիշտների մտքերի քննություն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը՝ ի կշտամբություն իրենց անօրենությունների,

10 նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, և քրթմնջյունն ու շշնջյունն անգամ ծածուկ չեն մնա։

11 Այսուհետև զգո՛ւյշ եղեք անօգուտ քրթմնջյունից և խնայե՛ք ձեր լեզուն բամբասանքներից, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, իսկ ստախոս բերանը կսպանի հոգին։

12 Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը և ձեր իսկ ձեռքերի գործերով ձեր անձերը մի՛ տվեք սպանության։

13 Աստված մահ չի ստեղծել և չի ուրախանում ողջերի կորստյան համար։

14 Ամեն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկության համար են։ Մահաբեր թույն չկա նրանց մեջ և ոչ էլ դժոխքի թագավորություն՝ երկրի վրա,

15 որովհետև արդարությունն անմահ է։

16 Իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով կանչեցին մահը, բարեկամ համարեցին նրան, հալումաշ եղան և դաշինք կնքեցին նրա հետ. ուստիև իսկապես արժանի են նրան բաժնեկից լինելու։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ