Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ՏՈՎԲԻԹ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Նախաբան

1 Տովբիթի՝ Նեփթաղիմի ցեղից Սասիելի սերնդից Գաբայելի որդի Անավելի որդի Անանիելի որդի Տովբիելի որդու խոսքերի գիրքը։

2 Նա Ասորեստանի Ենեմեսար թագավորի օրոք գերեվարվեց Թեզբուեից, որը գտնվում է Գալիլեայում՝ Նեփթաղիմի Կիդիովսից աջ և Ասերի ցեղից վերև։


Տովբիթի հիշողությունները

3 Ես՝ Տովբիթս, իմ կյանքի բոլոր օրերին քայլեցի ճշմարտության և արդարության ճանապարհով և բազում ողորմություններ արեցի իմ ազգին ու իմ եղբայրներին, որոնք ինձ հետ ասորեստանցիների երկրում էին՝ Նինվեում։

4 Երբ ես իմ երկրում էի՝ Իսրայելում, և մինչ երիտասարդ էի, իմ նախահոր՝ Նեփթաղիմի ողջ ցեղը մերժեց ու հեռացավ Երուսաղեմի տաճարից, որն ընտրված էր Իսրայելի բոլոր ցեղերի կողմից, որպեսզի այնտեղ զոհ մատուցեն բոլոր ցեղերը, և որտեղ նվիրագործվել ու կառուցվել էր Բարձրյալի բնակության տաճարը բոլոր սերունդների համար։

5 Բոլոր ցեղերը, այդ թվում նաև իմ նախահոր՝ Նեփթաղիմի տունը, ապստամբելով Տիրոջ դեմ, սկսեցին զոհ մատուցել երինջին՝ Բահաղի կուռքին։

6 Հաճախ միայն ես էի, որ վերցնելով բերքի երախայրիքն ու տասանորդը և առաջին խուզի բուրդը՝ Երուսաղեմ էի գնում տարեկան տոներին, ինչպես որ հավիտենական հրամանով սահմանված է ողջ Իսրայելի համար։

7 Զոհասեղանի առջև, ուր մատուցվում են բոլոր նվիրաբերությունները, դրանք տալիս էի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Առաջին տասանորդը տալիս էի Ղևիի որդիներին, որոնք ծառայում էին Երուսաղեմում։ Երկրորդ տասանորդը հավաքում ու վաճառում էի և ամեն տարի գնում ու ամբողջ դրամը նվիրում էի Երուսաղեմին։

8 Իսկ երրորդը տալիս էի նրանց, ովքեր դրա կարիքն ունեին, ինչպես որ պատվիրել էր իմ հոր մայրը՝ Դեբովրան, քանի որ ես որբ էի մնացել իմ հորից։

9 Երբ տղամարդ դարձա, իմ հոր սերնդից կին առա և նրանից ունեցա Տովբիային։

10 Երբ գերեվարվեցի Նինվե, իմ բոլոր եղբայրներն ու իմ ողջ տոհմն ուտում էին հեթանոսների հացից։

11 Սակայն ես պահեցի ինձ և չկերա,

12 քանի որ իմ ողջ հոգով հիշում էի Աստծուն։

13 Եվ Բարձրյալն ինձ շնորհ տվեց ու ուշադրության արժանացրեց Նեմեսարի առաջ, և դարձա նրա գնորդը։

14 Առևտրի համար գնում էի Մարաստան։ Մի առիթով Մարաց երկրի Հռագիս քաղաքում Գաբրիայի եղբոր՝ Գաբայելի մոտ պահ տվեցի տասը քանքար արծաթ։

15 Երբ Նեմեսարը մահացավ, նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Սենեքերիմը, և քանի որ նրա օրոք դրությունն անկայուն էր, այլևս չկարողացա Մարաց երկիրը գնալ։

16 Նեմեսարի օրերին իմ եղբայրներին շատ ողորմություններ էի անում։

17 Իմ հացը տալիս էի քաղցածներին, իմ հագուստը՝ մերկերին, և եթե իմ ազգից մեկին մեռած և պարսպից դուրս նետված էի տեսնում, թաղում էի նրան։

18 Եվ ում Սենեքերիմ արքան սպանում էր, երբ որպես փախստական եկավ Հուդայի երկրից, գողանում և թաղում էի նրանց, որովհետև իր բարկության մեջ շատերին սպանեց։ Բայց հետո, երբ նրանց դիակները փնտրեց, չգտավ։

19 Նինվեացիներից մեկը մտավ և հայտնեց թագավորին իմ մասին, որ ես եմ թաղում դիակները։ Ես թաքնվեցի, բայց իմանալով, որ փնտրում են ինձ՝ սպանելու համար, վախեցա և փախա։

20 Իմ ողջ ունեցվածքը հափշտակվեց, ոչինչ չմնաց, բացի իմ կնոջից և իմ Տովբիա որդուց։

21 Հիսուն օր չանցած՝ թագավորի երկու որդիները սպանեցին իրենց հորը և փախան Հայոց [Ο΄ Արարատի] լեռները։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Սաքերդոնը։ Եվ նա Աքիաքարին՝ իմ եղբայր Անայելի որդուն, կարգեց իր ամբողջ թագավորության և իր ողջ տան գլխավոր տնտես։

22 Աքիաքարն ինձ համար բարեխոսեց թագավորին։ Եկան ինձ հետ տանելու, և ես վերադարձա Նինվե։ Աքիաքարը տակառապետն էր, և թագավորի տան ելն ու մուտն իր ձեռքում էր։ Սաքերդոնը նրան իր երկրորդը կարգեց։ Նա իմ եղբոր որդին էր։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ