Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Արտաշես մեծ արքայի թագավորության երկրորդ տարում՝ Նիսան՝ հայկական Արեգ ամսվա առաջին օրը, Մուրթքեն՝ Բենիամինի ցեղից Կիսեի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին, երազ տեսավ։ 2 Նա մի հրեա մարդ էր, որ բնակվում էր Սիսիս քաղաքում, նշանավոր մի անձ, որ հավատարմորեն ծառայում էր թագավորի պալատում։ 3 Նա այն գերիների սերնդից էր, որոնց Հուդայի երկրի Հեքոնիա արքայի հետ Երուսաղեմից գերեվարեց բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը։ 4 Նրա տեսած երազն այս է. լսվում էին խռովությունների, որոտման և երկրաշարժի ձայներ, երկրի վրա մեծ խռովություն էր։ 5 Եվ ահա երկու շատ մեծ վիշապներ՝ պատրաստ կռվի ելնելու միմյանց դեմ։ 6 Նրանք ահավոր ձայն հանեցին, ու նրանց ձայնի աղմուկը պատերազմի հանեց բոլոր ազգերին, որպեսզի կռվեն արդար ազգի դեմ։ 7 Օրը խավարամած ու մթին էր, տառապանքների ու նեղությունների օր, երկրի վրա մեծ խռովություն էր։ 8 Ողջ արդար ազգը խռովվեց իրեն սպառնացող չարիքի պատճառով ու պատրաստվեց կորստի։ Նրանք աղաղակեցին առ Աստված, 9 և նրանց ձայնից փոքրիկ աղբյուրը մեծ ու վճիտ գետ դարձավ։ 10 Ծագեց արեգակը, և խոնարհները ոտքի ելան ու հաղթեցին փառավորներին։ 11 Մուրթքեն զարթնեց այս երազից, որ Աստված մտադրվել էր կատարել, և այն նա մտքից չէր հանում ու բուռն ցանկությամբ կամենում էր իմանալ, թե ինչ էր նշանակում այն գիշեր իր տեսած երազը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia