Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ 4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Չորրորդ տեսիլք Թագավորը հրամայում է երկրպագել ոսկե արձանին

1 Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում նա ոսկե մի արձան պատրաստեց. նրա բարձրությունը վաթսուն կանգուն էր, նրա լայնությունը՝ վեց կանգուն, և այն կանգնեցրեց բաբելացիների նահանգում՝ Դեերայի դաշտում։

2 Եվ ուղարկեց հավաքել զորավարներին, զորագլուխներին և կուսակալներին, պետերին, իշխանավորներին, գործակալներին և նահանգների բոլոր իշխաններին՝ գալու արձանի նավակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։

3 Հավաքվեցին կուսակալները, զորավարներն ու զորագլուխները, պետերը, իշխանավորները, մեծավորները, գործակալներն ու նահանգների բոլոր իշխանները՝ գալու արձանի նավակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ Եվ կանգնել էին արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։

4 Մունետիկն ուժեղ գոչում էր և ասում. «Ձեզ է ասվում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր և լեզունե՛ր։

5 Երբ լսեք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տավղի, միասնական երգերի և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը, կընկնեք և կերկրպագեք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան։

6 Իսկ ով չընկնի-չերկրպագի, նույն ժամին կնետվի բորբոքված կրակի հնոցը»։

7 Եվ այնպես եղավ, երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տավղի, նվագարանների և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուներն ընկնում ու երկրպագում էին ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։


Դանիելի երեք ընկերները հավատարիմ են մնում Տիրոջը

8 Այն ժամանակ մոտեցան քաղդեացի մարդիկ ու Նաբուքոդոնոսորին չարախոսեցին հրեաների մասին

9 և ասացին. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր։

10 Դու հրաման տվեցիր ամեն մարդու, որ երբ լսի փողի, սրնգի, քնարի, տավղի, նվագարանների և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը

11 և չընկնի-չերկրպագի ոսկե արձանին, կնետվի բորբոքված կրակի հնոցը։

12 Արդ, այստեղ կան հրեա մարդիկ, որոնց նշանակեցիր բաբելացիների նահանգի գործերի վրա՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որ չհնազանդվեցին քո հրամանին, արքա՛. ո՛չ պաշտում են քո աստվածներին, ո՛չ էլ երկրպագում ոսկե արձանիդ, որ կանգնեցրիր։

13 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը ցասումով ու բարկությամբ հրամայեց բերել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, և բերեցին թագավորի առաջ։

14 Նաբուքոդոնոսորը խոսեց և ասաց նրանց. «Սեդրա՛ք, Միսա՛ք և Աբեդնագո՛վ, իրո՞ք իմ աստվածներին չեք պաշտելու և ոսկե արձանին, որ կանգնեցրի, չեք երկրպագելու։

15 Բայց արդ, եթե պատրաստ լինեք, երբ որ լսեք փողի, սրնգի, թմբուկի, քնարի և բոլոր տեսակի երաժշտությունների միասնական ձայնը, կընկնեք և կերկրպագեք ոսկե արձանին, որ կանգնեցրի։ Իսկ եթե չերկրպագեք, նույն ժամին կնետվեք բորբոքված կրակի հնոցը, և ո՞վ է Աստված, որ կփրկի ձեզ իմ ձեռքից»։

16 Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխան տվեցին և ասացին Նաբուքոդոնոսոր արքային. «Կարիք չկա քեզ այդ բանի համար պատասխան տալ,

17 որովհետև երկնքում է մեր Աստված, նա, որին մենք պաշտում ենք, կարող է փրկել մեզ բորբոքված կրակիդ հնոցից և ազատել մեզ քո ձեռքից, արքա՛։

18 Իսկ եթե ոչ, թող այս բանը քեզ հայտնի լինի, արքա՛, որ քո աստվածներին մենք չենք պաշտում և ոսկե արձանիդ, որ կանգնեցրիր, չենք երկրպագում»։


Դանիելի երեք ընկերները նետվում են հնոցը

19 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը լցվեց սաստիկ բարկությամբ, և նրա երեսի գույնը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի վրա, և ասաց. «Վառե՛ք հնոցը յոթնապատիկ, որպեսզի մինչև վերջ այրվեն։

20 Հինգ ուժեղ մարդիկ թող ամուր կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին՝ նետելու բորբոքված կրակի հնոցը»։

21 Այդ ժամանակ այն մարդիկ կապվեցին իրենց պատմուճաններով, վարտիքներով, գլխի ապարոշներով, ծնկակապերով և նետվեցին բորբոքված կրակի հնոցը։

22 Քանի որ թագավորի հրամանը խստանում էր, հնոցն էլ յոթնապատիկ ավելի խիստ էր բորբոքվում։

23 Եվ նրանք երեքը՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված գցվեցին հնոցը։


Երեք ընկերներն ազատվում են ու մեծարվում

24 Քայլում էին կրակի մեջ, օրհնաբանում և գովաբանում էին Տիրոջը՝ Աստծուն։

25 Ազարիան ելավ և այսպես աղոթքի կանգնեց, կրակի մեջ բացեց իր բերանը և ասաց.

26 «Օրհնյա՜լ ես, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված, հավիտյանս գովաբանված և փառավորված է քո անունը,

27 որովհետև արդար ես ամեն ինչում, որ բերեցիր մեզ վրա. ճշմարիտ են քո բոլոր գործերը, և ուղիղ են քո ճանապարհները, և ճշմարտություն՝ քո բոլոր դատաստանները։

28 Ըստ ամենայնի ճշմարիտ դատաստան արեցիր, ինչ որ արեցիր մեզ և մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղեմին, որովհետև ճշմարտությամբ և հիրավի բերեցիր այս ամենը մեր մեղքերի պատճառով,

29 քանի որ մեղանչեցինք և անօրենություն գործեցինք՝ ապստամբելով քո դեմ, և առավել մեղանչեցինք ամեն ինչում։

30 Քո պատվիրաններին չանսացինք, չպահեցինք ու չարեցինք այնպես, ինչպես պատվիրեցիր մեզ, որպեսզի բարի լինի մեզ։

31 Այն ամենը, որ բերեցիր մեզ վրա, և այն ամենը, որ արեցիր մեր դեմ, արդար դատաստանով արեցիր։

32 Մեզ մատնեցիր մեր անօրեն, խիստ և ապստամբ թշնամիների և ողջ աշխարհից ավելի անիրավ ու չար թագավորի ձեռքը։

33 Եվ արդ, մենք չենք կարող բացել մեր բերանները, որովհետև ամոթահար ու նախատինք եղանք քո ծառա պաշտոնյաների համար։

34 Բայց իսպառ մի՛ մատնիր մեզ հանուն քո անվան և մի՛ ցրիր քո ուխտը։

35 Մի՛ հեռացրու քո ողորմությունը մեզնից հանուն քո սիրելի Աբրահամի, հանուն քո ծառա Իսահակի և հանուն քո սուրբ Իսրայելի,

36 որոնց խոստացար բազմացնել նրանց սերունդը երկնքի աստղերի չափ և ծովափի ավազի չափ։

37 Արդ, Տե՛ր, ավելի նվաղեցինք, քան բոլոր ազգերը, և այսօր տառապյալ ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։

38 Չկա այս ժամանակներում ո՛չ իշխան, մարգարե և առաջնորդ, ո՛չ ողջակեզներ, ո՛չ զոհեր, ո՛չ զոհաբերություններ, ո՛չ խունկեր, ո՛չ էլ տեղ՝ քո առաջ երախայրիք մատուցելու և ողորմություն գտնելու։

39 Այլ կոտրված անձով և տառապած հոգով թող ընդունելի լինենք, ինչպես խոյերի և զվարակների ողջակեզները և ինչպես բյուրավոր պարարտ գառները։

40 Թող այդպես լինի մեր զոհաբերությունն այսօր քո առաջ՝ կատարյալ լինելու քեզնից հետո, որովհետև քեզ հուսացողներս ամոթով չենք մնում։

41 Արդ, գալիս ենք քո հետևից մեր ամբողջ սրտով, մենք վախենում ենք քեզնից և քո երեսն ենք փնտրում. ամոթով մի՛ թող մեզ,

42 այլ վարվի՛ր մեզ հետ ըստ քո հեզության և ըստ քո բազում ողորմության։

43 Փրկի՛ր մեզ քո հրաշքներով և փա՛ռք բեր քո անվանը, Տե՛ր։

44 Թող ամոթով մնան բոլոր նրանք, որ չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց ամեն բռնությունից, և նրանց զորությունը թող խորտակվի։

45 Եվ թող ճանաչեն, որ դու ես Տերը՝ միակ Աստվածը, և փառավորյալը ողջ տիեզերքում»։

46 Թագավորի սպասավորները, որ նրանց գցեցին հնոցը, չէին դադարում այն բորբոքելուց նավթով, ձեթով, վուշով և որթով։

47 Բոցը ելնում, դիզվում էր հնոցից քառասունինը կանգուն ավելի վեր,

48 պտտվում-պատում էր հնոցի շուրջը և այրում էր այն քաղդեացիներից, ում գտնում էր։

49 Եվ Աստծու հրեշտակն իջավ, կանգնեց Ազարիայենց հետ այն հնոցում և կրակի բոցը թոթափեց այն հնոցից։

50 Եվ հնոցի մեջ հողմի պես արեց, որ խոնավ ցող փչի. կրակն ամենևին ո՛չ մոտենում էր նրանց, ո՛չ տանջում, ո՛չ էլ նեղում էր նրանց։

51 Այն ժամանակ երեքը, կարծես մի բերանով, հնոցի մեջ օրհնաբանում, գովաբանում և փառավորում էին Աստծուն և ասում.

52 «Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան, և օրհնյա՜լ է քո փառքի սուրբ անունը, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։

53 Օրհնյա՜լ ես քո սրբության փառքի տաճարում, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։

54 Օրհնյա՜լ ես քո արքայության աթոռի վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։

55 Օրհնյա՜լ ես, որ նայում ես անդունդներին և նստում ես քերովբեների վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։

56 Օրհնյա՜լ ես, որ նստում ես երկնքի տարածության վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։

57 Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր գործեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

58 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկինքնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

59 Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ հրեշտակներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

60 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքից ավելի վեր գտնվող բոլո՛ր ջրեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

61 Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր զորություններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

62 Օրհնաբանե՛ք Տիրոջը, արև՛ ու լուսի՛ն, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

63 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

64 Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր անձրևներ և ցողե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

65 Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր հողմեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

66 Օրհնաբանե՛ք Տիրոջը, հո՛ւր և տա՛պ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

67 Օրհնաբանե՛ք Տիրոջը, ցո՛ւրտ և սառնամանի՛ք, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

68 Օրհնաբանե՛ք Տիրոջը, եղյա՛մ և ձյո՛ւն, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

71 Օրհնաբանե՛ք Տիրոջը, ցերեկնե՛ր և գիշերնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

72 Օրհնաբանե՛ք Տիրոջը, լո՛ւյս և խավա՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

73 Օրհնաբանե՛ք Տիրոջը, ամպե՛ր և փայլակնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

74 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկի՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

75 Օրհնաբանե՛ք Տիրոջը, լեռնե՛ր և բարձունքնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

76 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր բույսեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

77 Օրհնաբանե՛ք Տիրոջը, աղբյուրնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

78 Օրհնաբանե՛ք Տիրոջը, ծովե՛ր ու գետե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

79 Օրհնաբանե՛ք Տիրոջը, կետե՛ր և բոլո՛ր կայտառներ, որ ջրերում եք, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

80 Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքի՛ թռչուններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

81 Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր գազաններ և անասուններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

82 Օրհնաբանե՛ք Տիրոջը, մարդկա՛նց որդիներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

83 Թող Իսրայելն օրհնաբանի Տիրոջը, թող օրհնաբանի և փառաբանի նրան հավիտյան։

84 Օրհնաբանե՛ք Տիրոջը, քահանանե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

85 Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

86 Օրհնաբանե՛ք Տիրոջը, արդարների՛ հոգիներ և շունչեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

87 Օրհնաբանե՛ք Տիրոջը, սուրբե՛ր և սրտով խոնարհնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։

88 Օրհնաբանե՛ք Տիրոջը, Անանիա՛, Ազարիա՛ և Միսայե՛լ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։ Քանի որ մեզ փրկեց դժոխքից և մահվան ձեռքից մեզ ազատեց, փրկեց մեզ այս հնոցից և բորբոքված այս բոցի միջից և այս կրակի միջից մեզ փրկեց։

89 Գոհաբանենք Տիրոջը, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

90 Օրհնաբանե՛ք աստվածների Աստծուն, Տիրոջ բոլո՛ր պաշտոնյաներ, օրհնաբանե՛ք և գոհաբանե՛ք, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։


Նաբուքոդոնոսորը մեծարում է Դանիելի ընկերներին

91 Եվ Նաբուքոդոնոսորը, երբ լսեց նրանց օրհնաբանությունները, զարմացավ, տագնապահար ելավ և ասաց իր մեծամեծներին. «Կապված երեք մարդ չգցեցի՞նք կրակը»։ Թագավորին ասացին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛»։

92 Թագավորն ասաց. «Բայց ես տեսնում եմ արձակված չորս մարդու. քայլում են կրակի մեջ, և ոչ մի վնասվածք չկա նրանց վրա, իսկ չորրորդի տեսքը նման է Աստծու որդուն»։

93 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մոտեցավ բորբոքված կրակի հնոցի դռանը և ասաց. «Սեդրա՛ք, Միսա՛ք և Աբեդնագո՛վ, բարձրյալ Աստծու ծառանե՛ր, ելե՛ք և եկե՛ք»։ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից։

94 Ապա հավաքվեցին նախարարները, կուսակալները, զորավարներն ու թագավորի զորավորները և տեսնում էին այն մարդկանց, որ կրակը չէր տիրել նրանց մարմիններին, նրանց գլխի մազը չէր խանձվել, նրանց վարտիքները չէին գունափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։

95 Թագավորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը։ Ապա Նաբուքոդոնոսորը պատասխան տվեց և ասաց. «Օրհնյա՜լ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և փրկեց իր ծառաներին, որովհետև հույսը դրեցին իր վրա, թագավորի խոսքն անարգեցին և իրենց մարմինները մատնեցին կրակին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն որևէ աստծու, այլ միայն իրենց Աստծուն։

96 Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որ հայհոյանքով կխոսեն Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու մասին, կորստյան կմատնվեն, իսկ նրանց տները՝ հափշտակության, որովհետև չկա ուրիշ Աստված, որ կարողանա այդպես փրկել»։

97 Այն ժամանակ թագավորն առավել մեծարեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին բաբելացիների նահանգում և նրանց բարձրացրեց, նաև աղաչեց նրանց՝ լինելու իշխան այն բոլոր հրեաների, որոնք իր թագավորության մեջ էին։

98 Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին, ժողովուրդներին և լեզուներին, որ բնակվում են ողջ աշխարհում. «Թող խաղաղությունն առատանա ձեզ համար։

99 Նշաններն ու հրաշքները, որ արեց ինձ համար Բարձրյալը, իմ առաջ հաճելի թվաց պատմել ձեզ,

100 թե ինչքան մեծ ու զորավոր են. նրա արքայությունը հավիտենական արքայություն է, և նրա իշխանությունը՝ սերնդից սերունդ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ