Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Երրորդ տեսիլք Նաբուքոդոնոսորի առաջին երազը

1 Իր թագավորության երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսավ, և նրա հոգին ցնորվեց, ու քունը փախավ նրանից։

2 Եվ թագավորն ասաց. «Կանչե՛ք գուշակներին, մոգերին, կախարդներին ու քաղդեացիներին՝ թագավորին պատմելու իր երազը»։ Եկան և կանգնեցին թագավորի առաջ։

3 Եվ թագավորն ասաց նրանց. «Երազ տեսա, և իմ հոգին ցնորվեց՝ խելամուտ լինելու երազին»։

4 Քաղդեացիները թագավորի հետ խոսեցին ասորերեն. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր։ Դու ասա՛ երազը քո ծառաներին, և դրա մեկնությունը կասենք»։

5 Արքան պատասխան տվեց և ասաց քաղդեացիներին. «Խոսքը դուրս ելավ ինձնից. արդ, եթե ինձ ցույց չտաք երազն ու դրա մեկնությունը, կորստյան կմատնվեք, և ձեր տները կավերվեն։

6 Իսկ եթե երազն ու դրա մեկնությունը ցույց տաք ինձ, պարգևներ, բազում ընծաներ ու պատիվներ կստանաք ինձնից, բայց միայն թե երազն ու դրա մեկնությունը հայտնե՛ք ինձ»։

7 Կրկին պատասխան տվեցին և ասացին. «Թող արքան երազն ասի իր ծառաներին, և դրա մեկնությունը կհայտնենք»։

8 Արքան պատասխան տվեց և ասաց. «Ճշմարտապես գիտեմ, որ ժամավաճառ եք լինում, որովհետև տեսաք, որ խոսքը դուրս ելավ ինձնից։

9 Արդ, եթե երազը չպատմեք ինձ, գիտեմ, որ միաբանվել եք սուտ և եղծարար բան ասելու իմ առաջ, մինչև ժամանակն անցնի։ Ասացե՛ք ինձ իմ երազը, և կիմանամ, որ դրա մեկնությունն էլ եք ինձ հայտնելու»։

10 Կրկին պատասխան տվեցին քաղդեացիները թագավորի առաջ և ասացին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարող է հայտնել թագավորի խնդիրը, քանի որ ամեն մեծ թագավոր և իշխան այդպիսի բան չի հարցնում գուշակի, մոգի և քաղդեացու,

11 որովհետև բանը, որ արքան հարցնում է, ծանր է, և չկա ուրիշ մեկը, որ այն պատմի արքայի առաջ, բացի աստվածներից, որոնք բնակություն չունեն որևէ մարմնավորի մեջ»։


Աստված հայտնում է Դանիելին երազի մեկնությունը

12 Այն ժամանակ թագավորը բարկությամբ ու սաստիկ զայրույթով ասաց կոտորել բաբելացիների բոլոր իմաստուններին։

13 Հրամանը ելավ, և իմաստունները կոտորվում էին։ Փնտրում էին նաև Դանիելին ու նրա ընկերներին՝ սպանելու։

14 Այն ժամանակ Դանիելը խորհրդի և խրատի համար խոսեց արքայի դահճապետի՝ Արիովքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացիների իմաստուններին։

15 Հարցրեց նրան և ասաց. «Թագավորի իշխա՛ն, այդ խիստ հրամանն ինչո՞ւ ելավ արքայի կողմից»։ Եվ Արիովքը բանը հայտնեց Դանիելին։

16 Եվ Դանիելն ասաց. «Մտի՛ր և աղաչի՛ր արքային», որպեսզի իրեն ժամանակ տա, և դրա մեկնությունը պատմի թագավորին։

17 Ապա Դանիելը մտավ իր տունը և բանը հայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային և Միսայելին։

18 Եվ գթություն էին խնդրում երկնքի Աստծուց, որպեսզի Դանիելը և իր ընկերները կորստյան չմատնվեն բաբելացիների մնացած իմաստունների հետ։

19 Այդ ժամանակ, գիշերվա տեսիլքի մեջ, Դանիելին հայտնվեց խորհուրդը։ Դանիելն օրհնաբանեց երկնքի Աստծուն

20 և ասաց. «Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը հավիտենից մինչև հավիտյան, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը։

21 Նա է փոփոխում ժամանակներն ու ժամերը։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստություն է տալիս իմաստուններին և միտք՝ հանճարներին։

22 Ինքն է հայտնում խորին բաներն ու գաղտնիքները, գիտի՝ ի՛նչ կա խավարի մեջ, և լույսը նրա հետ է։

23 Գոհաբանում և օրհնաբանում եմ քեզ, մեր հայրերի՛ Աստված, որովհետև իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հայտնեցիր ինձ, ինչ որ մենք աղոթքով խնդրեցինք քեզնից, և թագավորի տեսիլքը ցույց տվեցիր ինձ»։


Դանիելը մեկնում է թագավորի երազը

24 Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր՝ կորստյան մատնելու բաբելացիների իմաստուններին, և ասաց նրան. «Մի՛ կոտորիր բաբելացիների իմաստուններին, այլ ինձ տա՛ր թագավորի առաջ, և ես մեկնությունը կհայտնեմ թագավորին»։

25 Այն ժամանակ Արիովքը Դանիելին շտապ տարավ թագավորի մոտ և ասաց նրան. «Հուդայի երկրի գերության որդիների միջից գտա մի մարդու, որ մեկնությունը կհայտնի արքային»։

26 Թագավորը պատասխան տվեց և ասաց Դանիելին, որի անունը Բաղդասար էր. «Կկարողանա՞ս ինձ պատմել երազը, որ տեսա, և դրա մեկնությունը»։

27 Դանիելը պատասխան տվեց թագավորի առաջ և ասաց. «Այդ խորհուրդը, որն արքան հարցնում է, իմաստունները, մոգերը, գուշակներն ու հմայողները չեն կարող պատմել արքայի առաջ,

28 այլ կա Աստված երկնքում, որ հայտնում է խորհուրդները և ցույց տվեց Նաբուքոդոնոսոր արքային, ի՛նչ որ լինելու է վերջին օրերում։ Երազը և քո գլխի տեսիլքը քո անկողնում այս է, արքա՛։

29 Քո մտքերը տանջահարում էին քեզ քո անկողնում, թե ի՛նչ է լինելու սրանից հետո, և խորհուրդներ հայտնողը ցույց տվեց քեզ՝ ի՛նչ է լինելու։

30 Խորհուրդն ինձ հայտնվեց ոչ թե ինչ-որ իմաստության պատճառով, որ կա իմ մեջ ավելի, քան բոլոր կենդանի էակների մեջ, այլ արքային ցույց տալու մեկնությունը, որպեսզի ճանաչես քո սրտի խորհուրդները։

31 Դու, արքա՛, տեսնում էիր, և ահա մի արձան, մեծ արձան. նրա երեսն ու նրա տեսքը շատ զարհուրելի էր, և կանգնած էր քո առաջ։ Շատ ահավոր էր արձանը,

32 որի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթե, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձե,

33 սրունքները՝ երկաթե, ոտքերը՝ կեսը՝ երկաթից, և կեսը՝ խեցուց։

34 Նայում էիր, մինչև առանց ձեռք դիպչելու մի վեմ պոկվեց և հարվածեց արձանին՝ երկաթե և խեցե ոտքերին, և ամբողջությամբ փշրեց դրանք։

35 Այդ ժամանակ առհասարակ փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին և դարձան ամառային կալի փոշու պես, և հողմի սաստկությունը քշեց դրանք, և տեղ չէր գտնվում դրանց համար։ Եվ վեմը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը։

36 Սա է երազը, և դրա մեկնությունը կասենք արքայի առաջ։

37 Դու արքա ես, արքայի՛ց արքա, որին երկնքի Աստված հզոր ու փառավոր թագավորություն տվեց,

38 և բոլոր վայրերով մեկ, որտեղ բնակվում են մարդկանց որդիները, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին քո ձեռքը տվեց և քեզ ամեն ինչի տեր կարգեց։ Դու ես ոսկե գլուխը,

39 բայց քեզնից հետո վեր կհառնի ուրիշ թագավորություն՝ քեզնից ավելի ցածր, և երրորդ թագավորությունը, որ պղինձն է, կտիրի ողջ երկրին։

40 Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի պես ամուր կլինի։ Ինչպես որ երկաթն է փշրում և մանրացնում ամեն ինչ, նույնպես նա կփշրի և կմանրացնի ամեն բան։

41 Եվ որ տեսնում էիր ոտքերն ու մատները, կեսը՝ երկաթից, և կեսը՝ խեցուց, թագավորությունը կբաժանվի, և նրա մեջ երկաթի արմատից կլինի, ինչպես որ տեսնում էիր երկաթը խեցուն խառնված։

42 Ոտքերի մատները՝ մի մասը՝ երկաթից, և մի մասը՝ խեցուց. թագավորության մի մասը հզոր կմնա, և նրանից կլինի ջախջախվածը։

43 Որ տեսնում էիր երկաթը խեցուն խառնված, կխառնվեն մարդկանց սերնդի հետ, բայց իրար չեն հարվի, ինչպես որ երկաթը չի խառնվում խեցուն։

44 Այդ թագավորների օրերին երկնքի Աստված վեր կհանի մի թագավորություն, որ հավիտյան չպիտի կործանվի, և նրա թագավորությունն ուրիշ ազգի չպիտի մնա. պիտի փշրի և ցիրուցան անի բոլոր թագավորությունները, և ինքը պիտի մնա հավիտյան։

45 Ինչպես տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու վեմ պոկվեց և փշրեց խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին. մեծն Աստված ցույց տվեց արքային, ինչ որ լինելու է հետո։ Ճիշտ է երազը, և արժանահավատ՝ դրա մեկնությունը»։


Թագավորը մեծարում է Դանիելին

46 Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան իր երեսի վրա ընկավ և երկրպագեց Դանիելին, ապա հրամայեց զոհեր և անուշահոտ խնկեր մատուցել նրա համար։

47 Թագավորը պատասխան տվեց և ասաց Դանիելին. «Արդարև, ձեր Աստվածը, նա՛ է աստվածների Աստվածը, տերերի Տերը և թագավորների Թագավորը, որ հայտնում է խորհուրդները, քանի որ կարողացար հայտնել այդ խորհուրդը»։

48 Եվ թագավորը մեծարեց Դանիելին, մեծամեծ ու բազում պարգևներ տվեց նրան և նրան բաբելացիների նահանգի վրա, նախարարների իշխան և բաբելացիների բոլոր իմաստունների վրա կարգեց։

49 Դանիելն արքային խնդրեց, և նա բաբելացիների նահանգի գործերի վրա կարգեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին։ Եվ Դանիելը մնում էր արքայի պալատում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ