Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 7 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԹագավորի հրովարտակը ի պաշտպանություն հրեաների 1 «Ֆիլոպատոր Պտղոմեոս արքան ողջունում է արքունի բոլոր զորավարներին և արքունի գործերի վրա կարգված պաշտոնյաներին։ 2 Ուրա՛խ եղեք։ Մենք մեր որդիների, եղբայրների ու ամբողջ զորքի հետ ողջ-առողջ ենք, և Աստված էլ հաջողություն է պարգևում մեր գործերին, ինչպես որ մենք ենք ուզում։ 3 Արդ, մեր այստեղի մերձավոր բարեկամներից ոմանք, իրենց չարամտությունից դրդված, չարախոսությամբ զբաղվեցին. նրանք մեզ գրգռեցին այնքան, մինչև համոզեցին մեզ, որ հրաման տանք հավաքել մեր իշխանության տակ գտնվող բոլոր հրեաներին, կուտակել մի տեղ, որպեսզի նորահնար տանջանքների ենթարկելով՝ կոտորենք նրանց։ 4 Նրանք մեզ բոլորովին թույլ չտվեցին հրաժարվել այդ մտքից՝ պատճառաբանելով, որ նրանք թշնամանք են տածում բոլոր հեթանոսների հանդեպ։ Ի վերջո հավաքեցին նրանց 5 և իբրև օտարների ու հատկապես իբրև չարագործների՝ կապված, բազմաթիվ լլկանքների ու տանջանքների ենթարկելով, բերեցին և կամենում էին առանց հարցուփորձի ու քննության ենթարկելու՝ բոլորին միանգամից կոտորել։ Նրանց համակել էր ավելի վայրենի զգացում, քան բարբարոսների վայրագությունը։ 6 Բայց մենք, մեր սովորության համաձայն, նրանց խստագույնս պատժեցինք և քանի որ մարդասիրությամբ ենք լցված բոլորի հանդեպ, կյանք շնորհեցինք հրեաներին։ Եվ տեսնելով, որ երկնավոր Աստված իսկապես պաշտպանում է հրեաներին, ինչպես հայրն իր որդիներին, 7 ինչպես նաև հաշվի առնելով այն սերն ու բարյացակամությունը, որ նրանք հավատարմորեն ունեցել են մեր և մեր նախնիների հանդեպ, հրաման տվեցինք ազատ արձակել նրանց և ներեցինք նրանց վրա դրված բոլոր մեղադրանքները։ 8 Նաև հրամայեցինք, որ նրանցից յուրաքանչյուրին վերադարձվի այն, ինչ նրանցից հափշտակվել է, որպեսզի նրանցից ոչ ոք զրկված չլինի։ Եվ ոչ ոք թող չհամարձակվի նրանց նախատել կատարված դեպքերի համար։ 9 Իմացե՛ք հետևյալը. եթե նրանց նկատմամբ դավեր նյութենք կամ վշտացնենք նրանց, ոչ թե մարդու նկատմամբ մեղանչած կլինենք, այլ Աստծու, որ իշխում է ամեն տեսակ զորությունների ու մեծությունների վրա։ Այդպիսին ոչ թե միայն մարդկանցից հատուցում կստանա, այլ ըստ ամենայնի ու անխուսափելիորեն՝ Բարձրյալից։ Ո՛ղջ եղեք»։ 10 Երբ հրեաներն ստացան այս հրովարտակը, ոչ թե անմիջապես հեռացան, այլ թագավորի մոտ մտնելով՝ խնդրեցին ու ասացին. «Հրեաների միջից ով ինքնակամ ուրացել է սուրբ Աստծուն ու հրաժարվել Աստծու օրենքներից, հրաման թող տրվի, որ նրանց հանձնեն մեր ձեռքը, որպեսզի Օրենքին համապատասխան պատիժ տրվի նրանց»։ Դրան ավելացրին և ասացին. 11 «Եթե կան մարդիկ, որոնք որովայնի համար հրաժարվել են իրենց նախնիների օրենքներից, ապա արքունի գործերի հանդեպ էլ երբեք բարյացակամորեն չեն տրամադրվի»։ 12 Թագավորը դա իրավացի համարեց և նրանց իրավունք տվեց, որ եթե թագավորի իշխանության տակ գտնվող որևէ տեղ գտնեն Աստծու օրենքներից հրաժարված մեկին, ապա առանց արքունի միջամտության համարձակությամբ սպանեն նրան, և ոչ ոք չընդդիմանա նրանց։ 13 Այն ժամանակ քահանաները, նրանց հետ նաև ամբողջ ժողովուրդը, ինչպես կարգն է, գոհություն հայտնեցին ու օրհնաբանեցին և օրհնությունն ավարտեցին ալելուիայով։ Նրանք ցնծությամբ և ուրախությամբ երկրպագեցին ու հրաժեշտ տվեցին թագավորին։ Օրինազանց հրեաների պատիժը 14 Երբ նրանք ճանապարհ ընկան, խայտառակ տանջանքների ենթարկելով՝ սպանեցին բոլոր նրանց, ովքեր նախկինում հրաժարվել էին իրենց օրենքներից, անօրենությամբ պղծվել և հեռացել իրենց ազգակիցներից։ 15 Այդ մեկ օրում այդտեղ սպանեցին ավելի քան երեք հարյուր մարդու։ Այդ օրն ուրախություն արեցին, որովհետև իրենց օրենքներից հրաժարված պիղծ ու անօրեն մարդկանց բռնելով՝ սպանել էին։ 16 Իսկ իրենք, իրենց Աստծու ողորմածությամբ մահվան դռնից ազատվելով, հեռացան այդ քաղաքից՝ պսակված տարբեր տեսակի անուշահոտ ու գույնզգույն ծաղիկներով և ուրախությամբ, ցնծությամբ ու քաղցր ձայնով օրհնաբանելով գոհություն էին հայտնում իրենց հայրերի Աստծուն՝ Իսրայելի հավիտենական Փրկչին։ 17 Երբ եկան հասան Պտղոմայիս, որ կոչվում էր Վարդակիր՝ վարդառատ լինելու պատճառով, նրանց սպասում էին այն նավերը, որոնցով եկել էին այստեղ։ Բոլորի համաձայնությամբ նրանք յոթ օր մնացին 18 այստեղ, ուրախություն արեցին, որովհետև թագավորը հրամայել էր ճանապարհի պաշարն առատորեն հոգալ, մինչև ամեն մեկն իր բնակավայրը հասներ։ 19 Երբ տեղ հասան, Աստծու պարգևներին արժանի գոհություն հայտնեցին։ Նորից հաստատեցին իրենց այն որոշումը, որ այդ օրը նույնպես դասվի իրենց տարեկան տոների շարքը և ուրախություն կատարվի։ Նվերներ մատուցեցին, ուրախության վայրում հուշարձան կանգնեցրին և այդ օրը դասեցին տարեկան տոների շարքը։ 20 Մի տեղ հավաքվելով՝ աղոթք ու գոհություն մատուցեցին և միմյանց հրաժեշտ տալով՝ ողջ-առողջ, անվնաս, ազատ, ուրախ ու զվարթ յուրաքանչյուրը գնաց իր բնակավայրը՝ Տիրոջ տնօրինությամբ և թագավորի հրամանով ապահով անցնելով ծովով, ցամաքով ու գետերով։ 21 Նրանք, որ առաջ թշնամու ձեռքի տակ էին, այժմ իշխանական փառքով ու շուքով էին գնում։ Այսուհետև ոչ ոք չէր կարող անհանգստացնել նրանց։ 22 Նրանք ստացան ցուցակագրված իրենց ամբողջ ինչքն ու ունեցվածքը, որովհետև ում մոտ ինչ որ մնացել էր, բոլորն ահ ու սարսափով բերեցին հանձնեցին տերերին, քանի որ մեծն Աստված փրկություն էր պարգևել նրանց։ 23 Օրհնյա՜լ է Աստված, որ Իսրայելին փրկում է ամեն ինչից՝ բոլոր տեսակի նեղություններից ու վշտերից։ Նրան փառք, պատիվ և զորություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia