Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՀեթանոսական կրոնի արմատավորման փորձ 1 Ոչ շատ ժամանակ անց թագավորն ուղարկեց մի աթենացի ծերունու, որ նա ստիպի հրեաներին անտեսել իրենց հայրերի օրենքներն ու այլևս չապրել Աստծու օրենքներով, 2 որ պղծի Երուսաղեմի տաճարը և այնուհետև այն անվանի Օլիմպոսի Որմիզդի [Ο΄ Դիոս] անունով, Գարիզինում գտնվող տաճարը նույնպես անվանի որմզդական Վանատուրի [Ο΄ Դիոս] անունով, որին տեղի բնակիչները համարում էին օտարականների պահապան։ 3 Նրանք սաստիկ նեղություններ պատճառեցին։ 4 Սուրբ տաճարը լցվեց հեթանոսական բարքերի պղծություններով. տղամարդիկ ու կանայք միմյանց խառնակվելով սրբարանի սրահներն էին արատավորում և համարձակորեն ներս տանում այն, ինչ անհարիր էր զոհաբերության համար։ 5 Զոհասեղանն ամբողջությամբ լցրին օրենքով չթույլատրված ու մերժված զոհերով։ 6 Ո՛չ շաբաթ օրերն էին կարողանում պահել, ո՛չ նախահայրերի տարեկան տոները նշել, ո՛չ իսկ համարձակվում էին իրենց հրեա անվանել։ 7 Թագավորի ծննդյան օրվա ամսական տոնախմբության ժամանակ ստիպում էին զոհեր մատուցել, իսկ երբ հասնում էր բաքոսյան պաշտամունքի տոնը, ստիպում էին նրանց թավ ոստերից հյուսված պսակներով պարել Բաքոսի կուռքի մոտ։ 8 Պտղոմեացիների դրդմամբ հրաման ուղարկվեց բոլոր մոտակա քաղաքները, որպեսզի հրեաների հանդեպ նույն ձևով վարվեն և նրանց ստիպեն զոհեր մատուցել կուռքերին, 9 իսկ նրանց, ովքեր հրաժարվեն մատուցելուց, կոտորեն։ Պետք էր տեսնել, թե խեղճերն ինչպե՛ս էին տառապում։ 10 Օրինակ՝ երկու կնոջ գրավոր ամբաստանել էին, թե թլփատել են իրենց որդիներին։ Շտապ բերեցին երեխաներին, կախեցին իրենց մայրերի ստինքներից և հրապարակներում նրանց խայտառակելով ման տալուց հետո պարիսպներից ներքև գլորեցին։ 11 Ուրիշների էլ, որ գաղտնի փախել էին մոտակա քարանձավները, որպեսզի շաբաթ օրն այնտեղ անցկացնեն, երբ բռնեցին, ողջ-ողջ այրելով սպանեցին, որովհետև նրանք, երկյուղածություն ունենալով հանգստյան օրվա ու սրբության օրենքների նկատմամբ, չպաշտպանվեցին։ 12 Ես խնդրում եմ այս գիրքն ընթերցողներին, որ մեր ազգի նկատմամբ խղճահարություն չունենան, այլ իմանան, որ այս բոլոր աղետները ոչ թե մեր ազգի բնաջնջման, այլ խրատելու համար են եղել։ 13 Մեծ բարերարության նշան է անօրեններին երկար ժամանակ անպատիժ չթողնելը, այլ անմիջապես պատժելը։ 14 Որովհետև Աստված մյուս հեթանոս ազգերի նկատմամբ համբերատար է լինում և պատժում է նրանց, երբ նրանց մեղքերի չափը լցվում է, և նրանք հասնում են իրենց անխուսափելի դատաստանին։ 15 Բայց մեզ հետ այդպես չի վարվում, որպեսզի չհասնենք անխուսափելի դատաստանին, 16 այլ ստեպ-ստեպ է խրատում և արագ-արագ էլ ողորմում է։ 17 Այս բանն ասում ենք ձեզ, որպեսզի հիշեք այս խոսքերը։ Արդ, դառնանք մեր պատմելիք նյութին։ Եղիազար ծերունու նահատակությունը 18 Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դեմքով մի մարդ կար, որը օրենսգետների խմբի մեջ առաջիններից էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19 Նա որոշեց համառել ու սրտապնդվել և գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակվել ընկերներից։ 20 Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնվել, համարձակվեց թքել միսն ու անարգել նրանց պաշտամունքը, ինչպես վայել է համբերողներին բացեիբաց մերժել այն, ինչ խոտելի է։ 21 Իսկ նրանք, ովքեր իրենց տկարամտության և անձնասիրության պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու, ծանոթ լինելով այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապույրներով նրան հետ կանգնեցնել իր հաստատ որոշումից։ «Ենթարկվի՛ր,- ասում էին,- թագավորի հրամանին. քեզ ուրիշ միս կտանք, 22 որպեսզի կասկածները փարատես և մահից ազատվես»։ 23 Նա, ինչպես վայել էր ծերունական իր հասակի վեհությանն ու պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած հրաշալի կրթությանը և հատկապես ըստ աստվածադիր սուրբ օրենքների, վեհ որոշում առավ և ըստ պատշաճի անմիջապես պատասխան տալով՝ ասաց. 24 «Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ իմ այս տարիքում կեղծավորություն խառնեմ հավատքիս։ Շատ երիտասարդներ կարող են տեսնել ու մտածել, թե Եղիազարն իննսուն տարեկան հասակում, արդեն մահվան դուռը հասած լինելով, դավանափոխ եղավ։ 25 Նրանք իմ կեղծավորության պատճառով կգայթակղվեն, և ես կարատավորեմ իմ ծերությունն ու վատ անուն կթողնեմ աշխարհում։ 26 Եթե անգամ ինձ նույնքան կյանք շնորհեն, և ես այլևս մարդկանց ձեռքը չընկնեմ, չեմ կարող խուսափել Ամենակալի ձեռքից թե՛ կենդանությանս օրոք, թե՛ մեռնելուց հետո։ 27 Դրա համար էլ քաջությամբ կհեռանամ այս աշխարհից, որպեսզի արժանի լինեմ իմ ծերությանը և 28 երիտասարդներին բարության ու առաքինության օրինակ թողնեմ, որպեսզի նրանք էլ հոժար կամքով ու քաջությամբ կյանքի գնով ջանան պաշտպանել սուրբ օրենքները»։ Երբ այս խոսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29 Նրանք, ովքեր մի փոքր առաջ նրա շուրջը հավաքված կարեկցում էին նրան, սկսեցին իրենց կարեկցանքը թշնամանքի փոխել և նրա իմաստուն խորհուրդները մոլորություն համարելով՝ աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30 Երբ կտտանքներ կրելով նա մոտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց բերանը և ասաց. «Տիրոջը՝ բոլոր խորհուրդներն իմացողին, հայտնի է, որ թեև կարող էի այս տաժանելի մահվանից ազատվել, սակայն մարմնով այս խիստ տանջանքներն եմ կրում, բայց հոգով դրանք հաճույքով եմ ընդունում Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղի պատճառով»։ 31 Եվ նա, այսպես մաքառելով, հեռացավ աշխարհից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia