Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 7 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԴեմետրիոս Առաջինը դառնում է թագավոր 1 Հարյուր հիսունմեկ թվականին Սելևկիոսի որդի Դեմետրիոսը ելավ Հռոմ քաղաքից, սակավաթիվ զինվորներով եկավ ծովեզերյա մի քաղաք և թագավորեց այնտեղ։ 2 Երբ Անտիոքոսը ցանկացավ մտնել իր հայրենի թագավորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիվ զինվորներ, ձերբակալեցին Լյուսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մոտ։ 3 Երբ Դեմետրիոսին հայտնեցին եղելությունը, նա հրաման տվեց և ասաց. «Նրանց երեսը ինձ բնավ ցույց մի՛ տվեք»։ 4 Նրանց վերցրին, զորքից դուրս տարան ու սպանեցին։ Թագավորական գահին նստեց Դեմետրիոսը։ 5 Նրա մոտ եկան իսրայելացի անօրեն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Ալկիմոսն էր. նա ինքը ձգտում էր քահանայության։ 6 Նրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Հուդան կորստյան մատնեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին և մեզ հալածեց մեր իսկ երկրից։ 7 Արդ, հավատարիմ մարդի՛կ ուղարկիր, որպեսզի գան, տեսնեն ազգի չարչարանքներն ու այն հարվածները, որ նա հասցրել է մեզ և արքունի երկրին, և պատժեն նրանց ու նրանց օգնողներին»։ Բաքիդեսն ու Ալկիմոսը Հուդայի երկրում 8 Թագավորն ընտրեց Բաքիդեսին՝ իր բարեկամներից մեկին, որը գետի մյուս կողմի իշխանն էր։ Նա անվանի էր թագավորության մեջ և հավատարիմ էր արքային։ 9 Արքան ուղարկեց նրան, նրա հետ նաև՝ անօրեն Ալկիմոսին, որին հանձնեց քահանայությունը և հրաման տվեց, որ նա լուծի իսրայելացիների վրեժը։ 10 Բաքիդեսը շարժվեց գնաց և այդտեղից բանագնացներ ուղարկեց Հուդայի ու նրա եղբայրների մոտ, որ խորամանկ խոսքերով խաղաղություն առաջարկեն։ 11 Սակայն սրանք չհավատացին նրանց խոսքերին, որովհետև տեսան, որ մեծաթիվ զորքով են եկել։ 12 Բաքիդեսի ու Ալկիմոսի մոտ հավաքվեց օրենսգետների մի խումբ, որպեսզի արդար պայմաններ խնդրեն։ 13 Իսրայելացիներից առաջինն ասիդացիներն էին, որ նրանցից խաղաղություն խնդրեցին, 14 որովհետև այսպես մտածեցին. «Եթե Ահարոնի սերնդից մի քահանա է եկել զորքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»։ 15 Ալկիմոսը խաղաղության խոսքեր ասաց նրանց և երդվեց նրանց. «Ո՛չ ձեզ վնաս կպատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»։ 16 Հավատացին նրան, բայց նա նրանցից վաթսուն մարդ բռնեց ու մի օրում սպանեց ըստ Գրքում գրված այն խոսքի, թե՝ 17 «Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արյունը հեղեցին Երուսաղեմի շուրջը, և ոչ ոք չկար, որ թաղեր նրանց»։ 18 Ժողովուրդն ահ ու սարսափի մեջ ընկավ, որովհետև մտածում էին, որ նրանք ո՛չ իրավունք են ճանաչում, ո՛չ ճշմարտություն, քանի որ դրժեցին իրենց խոստումն ու երդումը։ 19 Բաքիդեսը հեռացավ Երուսաղեմից և եկավ, բանակ դրեց Բեթզաեթում։ Նա մարդ ուղարկեց և բռնել տվեց իր մոտ փախածներից շատերի ու ժողովրդից ոմանց և հրամայեց սպանել նրանց ու նետել խոր ջրհորի մեջ։ 20 Նա երկիրը հանձնեց Ալկիմոսին, Ալկիմոսի մոտ մեծաթիվ զորք թողեց իբրև օգնական նրան, իսկ ինքը գնաց արքայի մոտ։ 21 Ալկիմոսը ջանք էր թափում, որպեսզի քահանայապետ դառնար։ 22 Նրա մոտ հավաքվեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նվաճեցին Հուդայի երկիրը և իսրայելացիներին մեծամեծ հարվածներ հասցրին։ 23 Երբ Հուդան տեսավ Ալկիմոսի ու նրա հետ եղող իսրայելացիների կատարած չարագործությունները, 24 չորս կողմից հարձակվեց Հուդայի երկրի սահմանների վրա և վրեժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ հեթանոսներին էին հարել։ Դրանից հետո նրանք այլևս Հուդայի երկիր չէին գալիս։ 25 Երբ Ալկիմոսը տեսավ, որ Հուդան այս անգամ էլ հզորացավ, և հասկացավ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկավ թագավորի մոտ, որպեսզի չարախոսի նրանից։ Նիկանորի և Հուդայի հանդիպումը 26 Թագավորն այս անգամ ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակավոր զորավարներից մեկին, մանավանդ որ սա ատելություն ու թշնամանք էր տածում Իսրայելի նկատմամբ։ Թագավորը նրան պատվիրեց, որ բնաջնջի այդտեղի ժողովրդին։ 27 Նիկանորը եկավ հասավ մեծաթիվ զորքով և նենգությամբ խաղաղության պատգամներ ուղարկեց Հուդային ու նրա եղբայրներին՝ ասելով. 28 «Կռիվ թող չլինի իմ ու ձեր միջև։ Ես կգամ սակավաթիվ մարդկանցով, որպեսզի խաղաղությամբ տեսնեմ ձեզ երես առ երես»։ 29 Նա եկավ Հուդայի մոտ, նրանք խաղաղությամբ ողջունեցին միմյանց, մինչդեռ զորքը ճակատ կազմել-պատրաստվել էր, որպեսզի հարձակվի ու ձերբակալի Հուդային։ 30 Երբ Հուդան իմացավ, որ Նիկանորը նենգ մտադրությամբ է եկել իր մոտ, հոգին տակնուվրա եղավ, վրդովվեց, մոտ չեկավ նրան և նրա երեսն այլևս չէր ուզում տեսնել։ 31 Երբ Նիկանորը տեսավ, որ իր գաղտնիքը բացահայտվել է, առաջ շարժվեց, որպեսզի հանդիպի նրան ու պատերազմի Քափարսալամի մոտերքում։ 32 Նիկանորի բանակից մոտ հինգ հարյուր մարդ ընկավ, իսկ մնացածները փախան Դավթի քաղաքը։ 33 Այս դեպքերից հետո Նիկանորը եկավ, բարձրացավ Սիոն լեռը։ Սրբարանի քահանաներից ոմանք ելան նրա մոտ, որպեսզի խաղաղությամբ ողջունեն նրան և ցույց տան նրան այն ողջակեզները, որ ամեն օր մատուցում էին թագավորի կյանքի համար։ 34 Բայց նա անարգեց ու ծաղրեց նրանց և անպատվեց ծանր ու ամբարտավան խոսքերով։ 35 Ապա հարվածեց նրանց և ցասումով ասաց. «Եթե Հուդային իր գնդի հետ այս անգամ իմ ձեռքը չհանձնեք, ապա եթե խաղաղությամբ այստեղ վերադառնամ, այս տաճարը կրակի կմատնեմ և ձեզնից վրեժ կլուծեմ»։ Նա թողեց գնաց խիստ վրդովված ու զայրացած։ 36 Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել. 37 «Դու ընտրեցիր քո այս տաճարը, որպեսզի քո սուրբ անվամբ կոչվի այն և քո ժողովրդի համար ուխտի ու աղոթքի տուն լինի։ 38 Դու էլ վրե՛ժ լուծիր այդ մարդուց և նրա բանակից։ Նրանք թող կոտորվեն իրենց իսկ սրով։ Հիշի՛ր նրանց հայհոյությունները և նրանց հանգիստ մի՛ տուր»։ Նիկանորի պարտությունը և մահը 39 Նիկանորը ելավ Երուսաղեմից և բանակ դրեց Բեթորոնում։ Նրան ընդառաջ եկան Ասորիքի զորքերը։ 40 Հուդան ինքը երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում։ Նա սկսեց աղոթել ու ասաց. 41 «Այն ժամանակ, երբ թագավորի մոտից մարդիկ էին եկել և հայհոյում էին քեզ, քո հրեշտակը ելավ ու հարվածելով նրանց՝ հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ 42 Նույն ձևով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպեսզի մնացածներն իմանան, որ Նիկանորը սին խոսքեր է ասել քո սրբարանի մասին։ Պատժի՛ր նրան ըստ իր չարության»։ 43 Երկու բանակները հասան և իրար բախվեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը։ Նիկանորի գունդը պարտվեց, ջախջախվեց, և առաջինն ինքը սրախողխող ընկավ երկու բանակների միջև։ 44 Երբ թշնամու գունդը տեսավ, որ Նիկանորն ընկավ, զենքերը նետեցին և փախուստի դիմեցին։ 45 Սրանք, նրանց հետևից պատերազմի փող փչելով, մեկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչև որ հասան Գազերա։ 46 Հուդայի երկրի բոլոր քաղաքներից, որ շրջակայքում էին գտնվում, ելան ու հարվածեցին նրանց։ Սրանք էլ խռնվեցին, հետ դարձան դեպի իրենց հալածողները և բոլորն էլ սրախողխող ընկան այդ օրը, և նրանցից մեկ մարդ անգամ չմնաց։ 47 Եկան և սկսեցին ավար առնել, կողոպտել բանակի զենքերը, գանձերը և ամբողջ ունեցվածքը։ Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզությամբ հանդգնել էր բարձրացնել տաճարի վրա, և բերեցին ու ի ցույց դրեցին Երուսաղեմի դիմաց։ 48 Ժողովուրդը չափազանց ուրախացավ և այդ օրը նշեց որպես տարեկան մեծ տոն։ 49 Այդ օրը՝ Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամյա տոն։ 50 Եվ Հուդայի երկիրը միառժամանակ հանգիստ վայելեց։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia