Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 11 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՊտղոմեոս Զ արքայի արշավանքը Ալեքսանդրի դեմ 1 Եգիպտացիների թագավորը զորք կազմեց, ծովափի ավազի չափ բազմաթիվ զինվորներ և շատ նավեր հավաքեց։ Նա ուզում էր նենգությամբ Ալեքսանդրի թագավորությանը տիրանալ և այն միացնել իր թագավորությանը։ 2 Եվ խաղաղության պատգամներով եկավ Ասորիքի կողմերը։ Բնակիչները դարպասները բացեցին նրա առաջ ու ընդառաջ գնացին նրան, որովհետև այդպես էր պատվիրել Ալեքսանդր արքան, քանի որ Պտղոմեոսն իր աներն էր։ 3 Երբ Պտղոմեոսը մտնում էր քաղաքները, ամեն մի քաղաքում իր զորքից պահապաններ էր թողնում։ 4 Երբ նրանք եկան մոտեցան ազովտացիների քաղաքին, նրան ցույց տվեցին Դագովնի հրկիզված մեհյանը, պատերազմի ժամանակ կրակի մատնված քաղաքն ու նրա արվարձանները և այրված դիակները, որ բերել կույտ-կույտ դիզել էին ճանապարհի վրա։ 5 Արքային նաև պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Հովնաթանը, որպեսզի նրան աչքից գցեին։ Թագավորը լուռ էր։ 6 Հովնաթանը մեծ շուքով հանդիպեց թագավորին հոպպեացիների քաղաքում։ Իրար ողջույն տվեցին ու միասին անցկացրին այդ օրը։ 7 Հովնաթանն արքայի հետ գնաց մինչև Ազատ կոչվող գետի կողմերը և այդտեղից վերադարձավ Երուսաղեմ, 8 իսկ Պտղոմեոս արքան գրավեց ծովեզրյա քաղաքները մինչև Սելևկիա. նա Ալեքսանդրի դեմ դավադրություն էր պատրաստում։ 9 Նա Դեմետրիոս արքայի մոտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք։ Ես քեզ կտամ իմ դստերը, որ Ալեքսանդրի կինն է, և դու կտիրանաս քո հոր թագավորությանը։ 10 Զղջում եմ, որ իմ դստերը նրան կնության տվեցի, քանի որ նա ցանկանում էր սպանել ինձ»։ 11 Այսպես նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետև աչք էր դրել նրա տերության վրա։ 12 Նա իր դստերը հետ բերեց ու տվեց Դեմետրիոսին։ Նա երես դարձրեց Ալեքսանդրից և հայտնի դարձրեց իր թշնամանքը։ Պտղոմեոսը մտավ և գրավեց քաղաքներն ու ծովեզրյա Սելևկիան. նա դավ էր նյութում Ալեքսանդրի դեմ։ 13 Նա եկավ մտավ Անտիոք, գլխին դրեց Ասիայի թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ Ասիայի ու Եգիպտոսի թագերով։ 14 Այդ ժամանակ Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետև ապստամբություն էին բարձրացրել նրա դեմ։ 15 Երբ Ալեքսանդրը դա իմացավ, եկավ նրա դեմ պատերազմելու։ Պտղոմեոսը նրա դեմ ելավ բազմաթիվ զորքով և նրան պարտության մատնեց։ 16 Ալեքսանդրը փախավ արաբացիների կողմերը, որպեսզի թաքնվի այնտեղ ու ազատվի նրանից։ Եվ Պտղոմեոս արքան հզորացավ։ 17 Արաբ Զաբդիելը կտրեց Ալեքսանդրի գլուխը և տվեց, որ այն տանեն Պտղոմեոս արքային։ 18 Բայց երեք օր անց Պտղոմեոսը մեռավ, և բերդերի շուրջը գտնվող նրա զինվորները կոտորվեցին դրանց բնակիչների կողմից։ 19 Դեմետրիոսը թագավոր դարձավ հարյուր վաթսունյոթ թվականին։ Պայմանագիր Դեմետրիոս Բ արքայի և Հովնաթանի միջև 20 Այդ օրերին Հովնաթանը Հուդայի երկրում զորք հավաքեց, որ գա պատերազմ մղի Երուսաղեմում գտնվող միջնաբերդի համար, և նրա շուրջը բազմաթիվ ռազմական մեքենաներ կանգնեցրին։ 21 Հրեա ազգին թշնամի մի քանի անօրեն մարդիկ գնացին պատմեցին թագավորին, թե Հովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը և պատրաստվել է գրավել այն։ 22 Երբ Դեմետրիոսը դա լսեց, խիստ բարկացավ, վեր կացավ ու եկավ Պտղոմայիս, հրովարտակներ ուղարկեց Հովնաթանին, որ բերդն այլևս պաշարման մեջ չպահի, այլ անմիջապես վեր կենա ու գա Պտղոմայիս, որպեսզի այնտեղ հանդիպեն միմյանց։ 23 Երբ Հովնաթանը դա լսեց, հրամայեց առավել ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից ընտրեց ազնիվ և իմաստուն մարդկանց, 24 նվերներ, ոսկի ու արծաթ վերցրեց և իր անձը մահվան վտանգի տակ դնելով՝ գնաց, որ Պտղոմայիսում հանդիպի թագավորին։ Նրա կողմից պատվի արժանացավ, 25 թեև շատ անօրեններ շարունակում էին ամբաստանել նրան։ 26 Թագավորը նրան մեծարեց, ինչպես իր նախնիներն էին մեծարել, պատվեց նրան իր բոլոր բարեկամների մոտ, 27 նրան տվեց քահանայապետության իշխանություն և այն բոլոր պատիվները, որ ուներ իրենից առաջ։ Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց։ 28 Հովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հուդայի երկրի և Սամարիայից երեք շրջանների հարկերը և խոստացավ նրան տալ միայն երեք հարյուր քանքար։ 29 Թագավորին դա ընդունելի թվաց, և նա հրամայեց այս բոլորի վերաբերյալ հրովարտակ տալ Հովնաթանին հետևյալ բովանդակությամբ. 30 «Դեմետրիոս արքան ողջունում է իր եղբայր Հովնաթանին։ 31 Մեր ազգական Լասթենեսին գրված այս հրովարտակի պատճենը ուղարկում ենք նաև ձեզ, որ տեղյակ լինեք։ 32 “Արքա Դեմետրիոսը ողջունում է հայրական բարեկամ Լասթենեսին։ 33 Արժանի ենք համարում մեր բարեկամ, օգնական, նիզակակից և ուխտապահ հրեաներին բարություն հատուցել այն արդարության ու հավատարմության համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ։ 34 Հաստատում ենք Հուդայի երկրի սահմանները և երեք շրջանները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը, որ Հուդայի երկրին են միացվել Սամարիայից։ Ըստ օրենքի նրանցից գանձվող հարկերը, որ ամեն տարի ստացվում էին հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից, փոխանակ արքունական գանձատուն մտնելու՝ այսուհետ թող հատկացվեն Երուսաղեմի պաշտոնյաներին։ 35 Արքունի մյուս հարկերից՝ տասանորդներից, մաքսերից, արքունի այլ եկամուտներից, աղի տուրքից ու թագի հարկից,- 36 այս բոլորից պետք է ազատենք նրանց։ Սրանցից ոչ մեկը թող չխախտվի հավիտենապես։ 37 Արդ, հո՛գ տարեք, որ այդ հրովարտակի մի պատճենը հանեք և հանձնեք Հովնաթանին, որպեսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող և երևելի տեղում”»։ Հովնաթանի օգնությունը Դեմետրիոս Բ արքային 38 Երբ Դեմետրիոս արքան տեսավ, որ ողջ երկիրը հնազանդվել է իրեն, և աշխարհում չկար մի բան, որ հակառակվեր իր կամքին, հրաման տվեց արձակել զորքերին՝ յուրաքանչյուրին իր տեղը, բացի հեռավոր ազգերի զինվորներից ու կղզիներից հավաքված ռազմիկների գնդից։ Այսպիսով բոլոր ազգերի զորքերը թշնամացան նրա դեմ։ 39 Ալեքսանդրի տոհմում Տրիփոն անունով մեկը, երբ տեսավ, որ բոլոր զորքերը տրտնջում են Դեմետրիոսի դեմ, գնաց Իմալկուս Արաբացու մոտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին։ 40 Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն հանձնի, որպեսզի բերի նրան ու թագավորեցնի հոր փոխարեն։ Նա նրան պատմեց այն ամենի մասին, որ արել էր Դեմետրիոսը, և այն թշնամության մասին, որ զորքն ուներ նրա նկատմամբ։ Նա շատ օրեր մնաց նրա մոտ։ 41 Հովնաթանը Դեմետրիոս արքայի մոտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տա միջնաբերդից և մյուս բերդերից դուրս հանելու զորքերը, որովհետև սրանք թշնամաբար էին տրամադրված Իսրայելի նկատմամբ։ 42 Դեմետրիոսը մարդ ուղարկեց Հովնաթանի մոտ ու ասաց. «Ես ոչ միայն այդ կանեմ քեզ ու քո ազգի համար, այլև պատվի կարժանացնեմ քո ազգը, միայն թե հարմար ժամանակ գտնեմ։ 43 Իսկ այժմ լավ կանես, եթե օգնական մի գունդ ուղարկես, որովհետև իմ զորքը լքել է ինձ»։ 44 Երբ Հովնաթանը դա լսեց, անմիջապես լավ սպառազինված երեք հազարանոց մի գունդ ուղարկեց Անտիոք՝ թագավորին օգնության։ Թագավորն ուրախացավ, երբ նրանք հասան իր մոտ։ 45 Երբ քաղաքի բնակիչները դա իմացան, զանազան տեղերից եկան հավաքվեցին քաղաքի կենտրոնում, մոտ հարյուր քսան հազար մարդ, և թագավորի վրա հարձակվելով՝ ուզում էին նրան անմիջապես սպանել, 46 բայց նա խույս տվեց նրանցից։ Նրանք անմիջապես գրավեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը և սկսեցին կռվել։ 47 Այդ իմանալով՝ իսրայելյան գունդը կուտակվեց թագավորի ապարանքի մոտ, ապա ձայն տվեցին միմյանց ու տարածվեցին ամբողջ քաղաքում և հարվածելով սպանեցին ու կոտորեցին մոտ տասը հազար մարդու։ 48 Նրանք հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շենքերը, ավար առան նրանց կայքն ու ունեցվածքը և իրենց մոտ բերելով թագավորին՝ փրկեցին նրանց ձեռքից։ 49 Երբ քաղաքի գնդի մնացած զինվորները տեսան, որ իսրայելյան գունդը հզորացավ ու կատարելապես հաղթեց իրենց, հուսալքվեցին ու ընկճվեցին և աղաչական ձայնով սկսեցին դիմել թագավորին ու ասացին. 50 «Խղճա՛ մեզ, և մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»։ 51 Ասում էին այս, և ամեն մեկն իր զենքը նետում էր հաղթողների ոտքերի առաջ։ Իսրայելյան գնդի փառքն ու պատիվը բարձրացավ թագավորի ու նրա ողջ զորքի աչքին։ Դրանից հետո նրանք մեծ պատվով ու բազում ավարով վերադարձան Երուսաղեմ։ 52 Դեմետրիոս արքան նստեց իր թագավորության գահին, և ամբողջ երկիրը դողաց նրա առաջ։ 53 Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տվել էր իսրայելացիներին, բոլորովին օտարացավ Հովնաթանից և նրան չհատուցեց նրա հավատարիմ ծառայության համաձայն։ Հովնաթանն աջակցում է Անտիոքոս Զ արքային Դեմետրիոսի դեմ 54 Այս դեպքերից հետո վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդեն թագավոր էր դարձել ու նստել թագավորության գահին։ 55 Նրա մոտ հավաքվեցին այն բոլոր զինվորները, որ Դեմետրիոսն ազատ էր արձակել, և պատերազմեցին Դեմետրիոսի դեմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին։ 56 Տրիփոնը եկավ, վերցրեց փղերին ու գրավեց Անտիոքը։ 57 Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Հովնաթանին հրովարտակ ուղարկեն, որի մեջ ասված էր. «Քեզ քահանայապետ եմ նշանակում և կարգում չորս շրջանների վրա ու համարում մեր հիմնական և առաջին բարեկամներից մեկը»։ 58 Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկե գավաթներ ու տաճարի սպասքը։ Նրան իրավունք տվեց ըմպել ոսկե գավաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագավորական նշանի նման ճարմանդ կրել։ 59 Հրաման տվեց, որ նրա եղբայր Շմավոնը Ծուրից մինչև եգիպտացիների սահմանի իշխան և զորավար նշանակվի։ 60 Հովնաթանը ելավ, որ շրջագայի Հորդանան գետի այն կողմում և քաղաքներում։ Ասորիքի ամբողջ զորքը՝ իբրև զինակից, նրա մոտ հավաքվեց։ Ապա նա եկավ Ասկաղոնի կողմերը։ Քաղաքի բնակիչները մեծամեծ պատիվներով ընդառաջ ելան նրան։ 61 Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները։ Նա շրջապատեց քաղաքը, հրդեհի մատնեց դրա արվարձաններն ու բռնագրավեց դրանց ինչքն ու ունեցվածքը։ 62 Դրանից հետո գազացիները եկան-կանգնեցին նրա առաջ, հաշտություն կնքեցին ու իրենց իշխանների որդիներին պատանդ տվեցին։ Նա Երուսաղեմ ուղարկեց նրանց, իսկ ինքը կտրելով ողջ երկիրը՝ անցավ մինչև Դամասկոսի կողմերը։ 63 Հովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զորքերով հասել են գալիլեացիների կողմերը՝ Կադես, նրան իշխանությունից զրկելու դիտավորությամբ։ 64 Նա իր եղբայր Շմավոնին վերակացու թողեց երկրի վրա, իսկ ինքը նրանց դեմ գնաց։ 65 Շմավոնը հարձակվեց Բեթսուրի վրա, բազում օրեր պաշարեց այն և շրջափակման մեջ դրեց նրա բնակիչներին։ 66 Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի։ Շմավոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից և այդտեղ, քաղաքի վրա պահապաններ նշանակեց։ 67 Հովնաթանն էլ իր զորքով եկավ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մոտ և վաղ առավոտյան գնաց Ասովրի դաշտը։ 68 Այլազգիների մի գունդ այդ դաշտում ընդառաջ եկավ նրան։ Նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կեսը դարան էր մտել, իսկ մյուս կեսը հարձակվեց նրա վրա։ 69 Ապա դարանակալները ելան իրենց տեղերից, հետևից հարձակվեցին նրանց վրա, Հովնաթանին զորքով հանդերձ շրջապատեցին 70 և Հովնաթանի զորքը փախուստի մատնեցին։ Նրա մոտ ոչ ոք չմնաց, բացի Աբեսաղոմի որդի Մատաթիայից ու Քալփիի որդի Հուդայից, որոնք զորքի զորավարներն էին։ 71 Հովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը և հող լցրեց գլխին։ 72 Ապա մեծ բարկությամբ հարձակվեց ու պարտության մատնեց նրանց։ 73 Այն ժամանակ բոլոր փախուստի դիմածները վերադարձան նրա մոտ ու հալածեցին թշնամուն մինչև նրանց բանակատեղին՝ մինչև Կադես, և բանակ դրեցին այնտեղ։ 74 Այդ օրը նրանք թշնամիներից մոտ երեք հազար սպառազեն հեծյալի սպանեցին, և Հովնաթանը վերադարձավ Երուսաղեմ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia