Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

Ա ԵԶՐԱՍ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Թագավորի թիկնապահների մրցումը

1 Դարեհ թագավորը մեծ խնջույք արեց և հրավիրեց իր բոլոր պալատականներին ու ազգակիցներին, ինչպես նաև Մարաստանի, Պարսից աշխարհի և քաղդեացիների բոլոր մեծամեծներին,

2 Հնդկաստանի կողմերից մինչև Եթովպիայի կողմերի հարյուր քսանյոթ սատրապությունների նախարարներին, զորագլուխներին ու կուսակալներին։

3 Նրանք կերան, խմեցին, հագեցան և ուրախացան։ Երբ խնջույքն ավարտվեց, Դարեհ թագավորը մտավ իր սենյակը և ելնելով իր գահույքի վրա՝ քնեց։

4 Այնժամ երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագավորը քնած էր, և իրենք սենյակի ներսում պահպանում էին նրան, խոսեցին միմյանց հետ և ասացին.

5 «Եկեք յուրաքանչյուրս մի բան ասենք, և ում խոսքը գերազանցի իմաստությամբ, քան իր ընկերներինը, Դարեհ թագավորը թող նրան մեծամեծ պարգևներ տա, և նա բոլորից ավելի մեծ ու անվանի դառնա,

6 թող նա ծիրանի հագնի, ոսկե սպասքով խմի և ուտի, ոսկեղենի վրա նստի և ննջի, ոսկեսանձ երիվար վարի, բեհեզյա խույր դնի իր գլխին և ոսկե մանյակ՝ իր պարանոցին

7 և իր իմաստության համար Դարեհի երկրորդ աթոռին նստի ու Դարեհի ազգական անվանվի»։

8 Այնժամ ամեն մեկը գրելով իր խոսքը, կնքեցին և դրեցին Դարեհ արքայի սնարի տակ՝ ասելով.

9 «Երբ արթնանա, այդ գրությունները կտանք նրան. թագավորն ու պարսից երեք մեծամեծ իշխանները կընտրեն, և ում խոսքն ավելի իմաստուն լինի, նրան կտրվի հաղթողի պարգևը»։

10 Առաջինը գրեց. «Ամեն ինչից ավելի հաղթող և հզոր է գինին»։

11 Երկրորդը գրեց. «Ամեն ինչից ավելի հաղթող և հզոր է թագավորը»։

12 Երրորդը գրեց. «Ամեն ինչից հաղթող և հզոր են կանայք, սակայն ամեն ինչից ավելի հաղթում է ճշմարտությունը»։

13 Եվ երբ թագավորն արթնացավ, վերցնելով գրվածքները, որ տվեցին իրեն, կարդաց,

14 ապա կանչել տվեց Պարսից աշխարհի և Մարաստանի բոլոր մեծամեծներին, նախարարներին, սպարապետներին, կուսակալներին ու իշխաններին։ Եվ նստելով դահլիճում, գրվածքները կարդացվեցին բոլորի առաջ։

15 Թագավորն ասաց. «Կանչե՛ք այստեղ պատանիներին, և թող նրանք մեկնեն իրենց գրած խոսքերը»։ Երբ նրանք ներս կանչվեցին,

16 նրանց ասացին. «Բացատրե՛ք մեզ ձեր գրածները»։


Գինու գովքի ճառը

17 Սկսեց խոսել առաջինը, որ գրել էր գինու զորության մասին, ասելով այսպես.

18 «Ո՜վ այրեր, ինչպե՞ս գինին հզոր չէ, քանի որ հիմարացնում է այն բոլոր մարդկանց մտքերը, ովքեր խմում են այն,

19 թե թագավորների և թե տառապողների մտքերը մեկ է դարձնում, ինչպես նաև տիրոջ և ծառայի, հարուստի և աղքատի։

20 Բոլորի մտքերը դարձնում-շրջում է դեպի ուրախություն, և նրանք երբեք չեն հիշում ո՛չ տրտմություն և ո՛չ էլ ցավ։

21 Որովհետև բոլորի սրտերը լցնում է զվարթությամբ ու հարստության զգացումով, և չեն հիշում ո՛չ թագավոր, ո՛չ նախարար, մեծ-մեծ խոսել է տալիս։

22 Երբ խմում են, չեն հիշում սիրելիներին, եղբայրներին ու թշնամիներին, հաճախ էլ սուր են ճոճում։

23 Եվ երբ սթափվում են գինուց, չեն հիշում թե ի՛նչ են արել։

24 Ո՜վ մարդիկ, ինչպե՞ս գինին հզոր չէ, որ ստիպում է գործել այս ամենը»։ Եվ այս ասելով՝ լռեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ