Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։ Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։
Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։ Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։
Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,
Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները, Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։ Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։ Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։ Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։ Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։ Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։
Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։ Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ, Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։ Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։
Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր, գովեցե՛ք նրան, ո՛վ բոլոր ժողովուրդներ։ Որովհետև զորավոր է նրա ողորմությունը մեզ վրա, և հավիտյան է նրա ճշմարտությունը։ Ալելուիա՜։
«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։
և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։ Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։
Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։ Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։
Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ. Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։
Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։ Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ, Որպեսզի Սիոնի աղջկա դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։ Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։ Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։ Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։ Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։
«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։ Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։ Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա, Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։ Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։ Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։ Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։ Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։ Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։ Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Եվ դարձյալ՝ «Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ, և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ» (Սաղ. 117.1)։
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։
Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։ Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։
Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։ Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։ Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։
Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։
Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։
Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։ Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։ Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին, Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։ Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը, Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։ Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։ Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։
ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։ Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։
Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։ Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։ Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։ Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։ Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։ Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։ Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։ Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։ Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։ Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։ Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։
Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։
Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.
Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։
Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։
Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։
Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։ Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին,
Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։ Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։ Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։
Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։
Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։
Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։
Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։
Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք,
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես մի եղջերուի եղջյուրի պես. ես օծված եմ նոր յուղով։ Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։ Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։ Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում. Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն, Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։ Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը.
Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։
Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։ Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից
Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։ Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։
Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,
Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։ Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։
Աննան աղոթեց և ասաց. «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով, Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը, Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ, Քանզի քո փրկությամբ ուրախացա։ Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։ Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։ Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։ Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին, և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։ Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։ Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, և հետո սրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։ Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։ Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։ Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։ Տիրոջ նման սուրբ չկա, Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա, Եվ վեմ չկա մեր Աստծու նման։
Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը, Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,
Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։
Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։
Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։
Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված, Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները. Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։ Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։ Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին, Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։ Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին. Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։ Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից. Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.
Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։
Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ,
Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Սաղ. 22.22)։
Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։
Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝
Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10), արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։ Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9), քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։
Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։ Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։
Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։
Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների. Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։ Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։ Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։
Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» (Ես. 45.23)։
Նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, որովհետև այսպես քեզ հաճելի եղավ։
Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։
Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։
Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։
Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է»։
Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։
Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։ Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։
Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։
Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։
Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով, և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։
Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։
Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։
Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» (Բ Թագ. 22.50, Սաղ. 18.49)։
Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հավիտենից մինչև հավիտյան»։ Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։
Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։
Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,
Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։ Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։