Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։
Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։
որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
Նա է պահում իր սրբերի ոտքերը, Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։
Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։
Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։
Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,
Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։
Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։
«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։
Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։
Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։
Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։
Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։
Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։
Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։
Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։
Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։
Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։
Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։
Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։ Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։
Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում, Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը, Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։ Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել Եվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։ Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։ Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից, Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։ Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը, Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։ Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում, Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։ Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը, Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ, Եվ իմ սրունքները չդողդողացին։ Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց, Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։ Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն. Նրանք իմ ոտքերի տակ ընկան։ Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի, Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։
որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։
Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։
Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։
Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։
Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։
Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։
Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։
Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։
Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։
Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։
Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։
Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։ Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։
Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։
Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։
Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։
Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն։
Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։
Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։
Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։