Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։
Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։
«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։
Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու,Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։
Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։
Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)»։Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։
Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։
Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։
Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները,ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար,
Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։
Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։
Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։
Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։
Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։
«Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։
Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։
Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» (Ես. 64.4)։
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։
Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,
որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար,քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։
որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։
Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։
Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։
Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է,
Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։
Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։
Միշտ ուրա՛խ եղեք։Անդադար աղոթե՛ք։Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։
Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։
Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։
Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։
Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։
Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։
Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։
Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին,որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։
Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։
Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա,
Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի,
Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք,որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։
Իմ ձայնը Աստծուն է ուղղված, և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և նա կլսի ինձ։Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։
Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում,փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։
Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.
Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։
Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։
Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
«Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։-Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։
Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։
սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։
Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։
Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,
Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։
Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։
Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,
Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։
այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։
Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։
Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։
Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։
որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ իմ Հոր ու նրա հրեշտակների առաջ։
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։
Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։
Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինըև ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։