Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։
Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։ Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։
Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության առատությունը պիտի հայտնեմ նրանց։
«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։
Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։
Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։
Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։
Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։ Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։
Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։
Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից. Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից. Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։
Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։
Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։ Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։
Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։
Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։
Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։
Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։
Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։ Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։
Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։
Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։
Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։
Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։
Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։