Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։
Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։ որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը, Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։ Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։ Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։ Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։ Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։ Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև, Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։ Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։
Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։ Ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ։ հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։
Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։ Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։
Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։ Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։
Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։
Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։
Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։
Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։
Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։
Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։ Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի,
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։
Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։
Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։
Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։
Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։
Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։ Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։
Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։
Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։
Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։
Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։
Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։ Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։
քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։
Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։
Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։
Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։
Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։
Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։
Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։
Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։ Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ.
Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։
Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։
Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։
Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։
Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։
Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։
Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։ Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։
Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։
Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։
Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։
Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից. Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։
Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։
Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։ Իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք են տալիս և ամեն օր ինձ ասում. «Ո՞ւր է քո Աստվածը»։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։
Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։
Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։
Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։
Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։
Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։
Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։
Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։
Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։
Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։
Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։
Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։
Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։ Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։