Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։
Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։