Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։
Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։
Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։
Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։
«Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։
Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։