Ողջամիտ վարդապետություն1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։ 2 Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։ 3 Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, 4 որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր, 5 խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։ 6 Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն 7 ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն, 8 թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։ 9 Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։ 10 Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։ Փրկչական շնորհի հայտնությունը11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց. 12 այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝ 13 սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, 14 որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր։ 15 Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia