Ապաշխարության հորդոր1 Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ. 2 դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։ 3 Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։ Իսրայելի հարևան ազգերի դատավճիռը4 Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։ 5 Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթիների ազգին. Տիրոջ խոսքը ձեր դեմ է, ո՛վ փղշտացիների երկիր՝ ո՛վ Քանան, ես քեզ կործանել եմ, որ բնակիչ չունենաս։ 6 Եվ ծովեզերքը հովիվների գետնափոր արոտավայր կլինի և հոտերի մակաղատեղիներ։ 7 Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։ 8 Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։ 9 Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։ 10 Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։ 11 Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։ 12 Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։ 13 Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։ 14 Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։ 15 Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia