Փառաբանության երգ1 Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ 2 Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։ 3 Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։ 4 Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։ 5 Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։ 6 Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, 7 Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք, 8 Մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայի մեջ, ինչպես փորձության օրը՝ անապատի մեջ, 9 Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։ 10 Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», 11 Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia