Տոնախմբության աղոթքԵրգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Ասափի (սաղմոս)։ 1 Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։ 2 Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։ 3 Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։ 4 Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։ 5 Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։ 6 Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։ 7 Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։ 8 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։ 9 Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։ 10 Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։ 11 Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։ 12 Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։ 13 Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ, 14 Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։ 15 Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։ 16 Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia