Պաշտամունք երկնքում1 Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռ կար, և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։ 2 Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։ 3 Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ 4 Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։ 5 Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։ 6 Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։ Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։ 7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր։ 8 Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է»։ 9 Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, 10 քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով. 11 «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia