Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԱՅԻ 6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ԵՍԱՅԻ 6

Աստված Եսայուն կանչում է մարգարեանալու

1 Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։

2 Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։

3 Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։

4 Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։

5 Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։

6 Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։

7 Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։

8 Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։

9 Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։

10 Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։

11 Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա,

12 մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։

13 Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia