Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԱՅԻ 39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ԵՍԱՅԻ 39

Բաբելոնի պատգամավորները
( Դ Թագ. 20.12-19 )

1 Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։

2 Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։

3 Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։

4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։

5 Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը.

6 “Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

7 Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։

8 Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia