Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵԼՔ 11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ԵԼՔ 11

10. Անդրանիկների մահը

1 Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։

2 Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։

3 Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։

4 Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում,

5 և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։

6 Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։

7 Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։

8 Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով. "Դո՛ւրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը"։ Դրանից հետո ես կգնամ”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։

9 Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։

10 Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia