Նոր տաճարի պայծառությունը1 Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով. 2 «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛. 3 “Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին”»։ 4 «Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։ 5 «Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։ 6 Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։ 7 Պիտի սարսեմ բոլոր ազգերին, և կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը, և այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։- 8 Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։- 9 Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։ Մարգարեն խորհրդակցում է քահանաների հետ10 Դարեհի երկրորդ տարվա իններորդ ամսի քսանչորսին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեին՝ ասելով. 11 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Հիմա քահանաներից օրենքի վերաբերյալ ուսուցո՛ւմ խնդրիր՝ ասելով. 12 "Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։ 13 Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։ 14 Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։ Տերը խոստանում է իր օրհնությունը15 «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք այս օրից դեպի հետ. երբ դեռ քարը քարի վրա չէր դրված Տիրոջ տաճարում։ 16 Երբ կարծում էիք, որ քսան պարկ ցորեն կհավաքեիք, բայց հավաքում էիք տասը, և երբ կարծում էիք, որ մի այգուց հիսուն փուրա գինի կստանայիք, բայց ստանում էիք քսանը, 17 ես ձեզ և ձեր ձեռքի բոլոր գործերին հարվածեցի խորշակով, դալկությամբ և կարկուտով, սակայն դուք դեպի ինձ չդարձաք,- ասում է Տերը։- 18 Հիմա ձեր ուշադրությունը դարձրե՛ք այս օրից և իններորդ ամսի քսանչորսերորդ օրից առաջ, այսինքն՝ այն օրից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց, ուշադրությո՛ւն դարձրեք. 19 մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։ Տիրոջ խոստումը Զորաբաբելին20 Եվ Տիրոջ խոսքը ամսի քսանչորսին կրկին հասավ Անգեին՝ ասելով. 21 «Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա՛, թե՝ “Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը. 22 և տակնիվեր պիտի անեմ թագավորությունների գահերը և պիտի կորցնեմ ազգերի թագավորությունների զորությունը, տակնիվեր պիտի անեմ մարտակառքն ու նրա հեծյալին, և պիտի ընկնեն ձիերն ու իրենց հեծյալները՝ ամեն մեկն իր եղբոր սրով”»։ 23 «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- ես կվերցնեմ քեզ, ո՛վ իմ ծառա Սաղաթիելյան Զորաբաբել,- ասում է Տերը,- և քեզ իբրև մի կնիք կդարձնեմ, որովհետև ես ընտրել եմ քեզ»,- ասում է Զորքերի Տերը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia