Դավիթը գրավում է Ռաբբան( Բ Թագ. 12.26-31 ) 1 Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիս պատերազմի, Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։ 2 Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։ 3 Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։ Պատերազմ փղշտացի հսկաների դեմ( Բ Թագ. 21.15-22 ) 4 Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։ 5 Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։ 6 Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։ 7 Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։ 8 Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia