Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


Ա Թեսաղոնիկեցիներին 1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ա Թեսաղոնիկեցիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը, Սիղվանոսն ու Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն։

Թեսաղոնիկեցիների կյանքը և հավատը

2 Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում,

3 և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝

4 իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին,

5 որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ձեր մեջ ինչպես եղանք ձեզ համար։

6 Դուք էլ, մեզ և Տիրոջը նմանվելով, մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք,

7 որովհետև դուք Մակեդոնիայում և Աքայիայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։

8 Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առ Աստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում։

9 Որովհետև հենց մարդիկ իրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի՛ մուտք ունեցանք, և դուք ինչպե՛ս կուռքերից դեպի Աստված դարձաք՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն

10 և երկնքից սպասելու նրա Որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia