Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

Դավթի հաղթանակները հարևան ժողովուրդների դեմ
( Բ Թագ. 8.1-18 )

1 Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։

2 Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3 Դավիթը Եմաթում հարվածեց Սուբայի արքա Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։

4 Նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր ու քսան հազար հետևակ։ Դավիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարյուր մարտակառք։

5 Ասորիները Դամասկոսից եկան, որպեսզի օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթն ասորիներից քսաներկու հազար մարդ սպանեց։

6 Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։

7 Դավիթը վերցրեց այն ոսկե մանյակները, որ Ադրաազարի թիկնապահների վրա էին, և բերեց Երուսաղեմ։

8 Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։

9 Երբ Եմաթի արքա Թովուն լսեց, որ Դավիթը հարվածել է Սուբայի արքա Ադրաազարի ամբողջ զորքին,

10 իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։

11 Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։

12 Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարվածեց տասնութ հազար եդովմացիների։

13 Նա հովտում բերդապահ զորք դրեց, և եդովմացիները Դավթի ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։

14 Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։

15 Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Հովսափատը՝ դիվանապետ,

16 Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխավոր քարտուղար,

17 Հովիդայեի որդի Բանեասը՝ քերեթիների ու փելեթիների վերակացու, իսկ Դավթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia