Հիշատակի օրվա տոնի հաստատումը1 Թագավորը հարկ դրեց իր թագավորության թե՛ ցամաքային, թե՛ ծովային երկրների վրա։ 2 Նրա զորությունը, նրա քաջությունը, հարստությունն ու նրա թագավորության փառքն ահավասիկ նկարագրված են պարսիկների ու մարերի հիշատակությունների գրքերում։ 3 Մուրթքեն Արտաշեսից իշխանություն էր ստացել, մեծ էր նրա թագավորության մեջ, հրեաներից փառավորված ու սիրված և կատարված դեպքերը պատմում էր իր ամբողջ ազգատոհմին։ 4 Նա ասում էր. «Աստծուց եղավ այս բանը։ 5 Որովհետև հիշեցի այն երազը, որ տեսել էի այս դեպքերի մասին, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղավ։ 6 Փոքրիկ աղբյուրը, որ մեծ գետ դարձավ և միաժամանակ լույս, արև ու շատ ջուր եղավ, Եսթերն է, որի հետ ամուսնացավ թագավորը և նրան թագուհի դարձրեց։ 7 Իսկ երկու վիշապները ես եմ և Համանը։ 8 Ազգերը նրանք են, որ ժողովվեցին՝ կորստյան մատնելու հրեաների անունը, որ Իսրայել է։ 9 Նրանք կանչեցին Աստծուն ու փրկվեցին. Տերը փրկեց իր ժողովրդին։ Տերը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ Աստված նշաններ ու մեծամեծ հրաշքներ գործեց, որպիսիք երբեք չեն եղել հեթանոսների մեջ։ 10 Դրա համար Աստված ստեղծեց երկու վիճակ՝ մեկն իր ժողովրդի, մյուսը՝ բոլոր հեթանոսների համար։ 11 Այս երկու վիճակներն էլ իրենց ժամին ու ժամանակին, դատաստանի օրը եկան Աստծու առջև՝ բոլոր հեթանոսների մեջ։ 12 Աստված հիշեց իր ժողովրդին և արդարացրեց իր ժառանգությունը։ 13 Ադար ամսի այս օրերը՝ տասնչորսերորդ օրը և նույն ամսի տասնհինգերորդ օրը, թող տոն լինեն նրանց համար, թող հավաքվեն, ցնծան և ուրախանան Աստծու առջև հավիտյանս սերնդեսերունդ, Իսրայելի ժողովրդի մեջ»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia